
Իրանը հարվածել է Հայֆային, իսկ Արաղչին Ժնևում քննադատել է իսրայելական ռազմական հանցագործությունները
Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի տարածքին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։ Ynetnews-ն էլ գրում է, որ հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 17 մարդ։ Նրանցից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Եվս 14-ն էլ ստացել է թեթև աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ynetnews-ի փոխանցմամբ՝ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 20 հրթիռ։ Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության բանակից հավելել են, որ հրթիռները եղել են 25-ը։ Տեղեկություններ կային նաև Գուշ Դանի և Նեգևի ուղղությամբ հարվածների մասին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում իր ելույթի ժամանակ, Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներն անվանել է ծանր ռազմական հանցագործություններ։ Ավելին, ըստ Աբբաս Արաղչիի, իսրայելական գործողությունների պատասխանատվությունը կրում է նաև Միացյալ Նահանգները։
Հենց այս քաղաքում այսօր Արաղչին բանակցություններ կվարի Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ։
Ավելի վաղ, Reuters գործակալությունը հայտնել էր, որ ՄԱԿ-ում (Ժնև) Իսրայելի դեսպանը բողոք է հայտնել Իրանի ԱԳ նախարարին Խորհրդում ելույթի հարթակ տրամադրելու ծրագրերի դեմ: «Իրանի արտաքին գործերի նախարարին այս մարմնում խոսքի հնարավորություն տալը շարունակում է խարխլել Խորհրդի հեղինակությունը, և աղաղակող դավաճանություն է այս ռեժիմի (նկատի ունի Իրանին՝ խմբ.) բազմաթիվ զոհերի հանդեպ»,- իր նամակում հայտնել է Մերոնը։
Լուսանկարը՝ Sky News-ից
Մեկնաբանել