HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներում:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Zhongtong»-ի գործընկերային կապը

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրել քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը: Ըստ այդ ցանցի՝ դրա սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ վարկային պայմանագրի շրջանակներում:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ու ՎԶԵԲ միջև 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Դրամաշնորհի չափը կազմել է 5 մլն եվրո: Բացի այդ, բանկը ցանկություն է հայտնել պետությանը տրամադրել վարկ՝ մինչև 20 մլն եվրո գումարի չափով՝ ծրագրի մի մասի ֆինանսավորման համար:

Իսկ մինչ այդ, Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով: 

Երևանի քաղաքային ավտոբուսների ծրագրի երկփուլանի գնման մրցույթը հայտարարվել է ՎԶԵԲ-Ի՝ հաճախորդների էլեկտրոնային գնումների հարթակում, որը բանկի պաշտոնական հարթակն է՝ էլեկտրոնային գնումների հայտարարման համար։

Մրցույթը մեկնարկել է 2021թ. փետրվարի 1-ին և ավարտվել մոտ 1 տարի անց: 

Մրցույթում հաղթել է վրացական «Տեգետա Մոթորս» (Tegeta Motors LLC) ընկերությունը, որը մատակարարել է 87 հատ գերմանական «ՄԱՆ» (MAN) ավտոբուս: Մրցույթի մասնակիցներից է եղել նաև մի կոնսորցիում, որի մաս է կազմել  «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ ԿՈ» (Zhongtong Bus Holding CO. LTD) ընկերությունը:

Մրցույթի պայմաններից մեկն այն էր, որ մասնակից ընկերությունը պետք է ավտոբուսների տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքեր տեղական ընկերություններից մեկի հետ: 

Մեր ձեռքի տակ է հայտնվել «Ժոնգ-Թոնգ» ընկերության և «Արմչի» ՍՊԸ-ի միջև 2021թ. մարտի 26-ին ստորագրված սպասարկման պայմանագրի լուսապատճենը: «Արմչի» ՍՊԸ-ի անունից պայմանագիրը ստորագրել է Վազգեն Հարությունյանը։

«Արմչի» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Հարությունյանի և չինացի Լիու Յաոդոնգի կողմից: Չինացին ընկերությունից դուրս է եղել 2022թ. հուլիսին, իսկ Վազգեն Հարությունյանը՝ 2023թ. մայիսին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նշանակվել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամականավոր պաշտոնակատար: Մինչև ընկերությունից դուրս գալը, Վ. Հարությունյանը եղել է նաև «Արմչի» ընկերության տնօրենը: Այժմ ընկերության միանձնյա սեփականատերն ու տնօրենը քույրն է՝ Օֆելյա Հարությունյանը:

Դիմեցինք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին, որպեսզի հասկանանք, թե ինչպես է սկսվել նրա ընկերության և «Ժոնգ-Թոնգի» համագործակցությունը: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Հարությունյանը հերքեց, որ երբևէ համագործակցել է չինական ընկերության հետ: Ավելին՝ հայտարարեց, որ եթե կա նման պայմանագիր, ուրեմն այն կեղծ է, և կդիմի իրավապահ մարմիններին:

Վազգեն Հարությունյանին ուղարկեցինք պայմանագրի այն էջը, որտեղ դրված է իր ստորագրությունն ու «Արմչի» ՍՊԸ-ի կնիքը, ինչպես նաև՝ չինական կողմի ստորագրությունն ու կնիքը: Վազգեն Հարությունյանը դարձյալ պնդեց, որ «ուժի մեջ են կեղծ պայմանագրի հետ կապված» իր ասածները:

«Եթե բնօրինակը ձեր մոտ է, դա շատ կօգնի բացահայտել կեղծիքի աղբյուրը»,- պատասխանեց վարչության պետը՝ հավելելով, որ պատրաստ է հաղորդում տալ հանցագործության մասին:

Դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ 87 հատ «ՄԱՆ» ավտոբուսի ձեռքբերման մրցույթի ամբողջական փաթեթի պատճենը տրամադրելու խնդրանքով: Քաղաքապետարանից տրամադրել են պահանջվող տեղեկատվությունը՝ էլեկտրոնային տարբերակով: Այդ նյութերում ևս նշվում է «Zhongtong Bus Holding CO.» և «Արմչի» ընկերությունների պայմանագրային համագործակցության մասին:

Կարող ենք ենթադրել, որ Վազգեն Հարությունյանը հոգեբանական ճնշում գործադրելու համար է հայտարարել կեղծ պայմանագիր լինելու և իրավապահ մարմիններին դիմելու մասին, որպեսզի հրապարակում չանենք: Իսկ եթե համագործակցության մասին տեղեկությունները կեղծ են, ապա կսպասենք իրավապահ մարմինների արձագանքին, երբ Վազգեն Հարությունյանն այդ հարցով դիմի նրանց:

Վազգեն Հարությունյանը՝ գնահատող հանձնաժողովների անդամ

2025թ. գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը հայտարարեց, որ ոչ միայն բարձր է «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսների տեխնիկական խոտանի տոկոսը, այլև անհանգստացնում են պահեստամասերի մատակարարման խնդիրները։ Պաշտոնյան նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր 87 միավոր «ՄԱՆ» ավտոբուսի 10 միավորն անսարք է եղել։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ եթե այդ տեմպերը շարունակվեն, ընկերության հետ այլևս չեն կարողանա համագործակցել: 

Սա, երևի, նախերգանքն է, որ քաղաքապետարանը ցանկանում է կենտրոնանալ «Zhongtong» ընկերության վրա, հատկապես, որ առաջիկայում ևս պատրաստվում են ավտոբուսներ գնել: Իսկ քաղաքապետարանի և «Zhongtong»-ի հարաբերությունները, կարծես թե, լավ են:

Օրինակ՝ 2023թ. նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր  քաղաքապետարանի կարիքների համար 171 հատ ավտոբուսի ձեռքբերման էլեկտրոնային աճուրդ: Նախահաշվային գինը եղել է մոտ 6 մլրդ 305 մլն 554 հազ. դրամ: Աճուրդին մասնակցել է 5 ընկերություն՝ «Transint LLC», «Zhongtong Bus Holding Cօ. Ltd», «Xiamen King Long United Automotive Industry Co. Ltd», «Yutong Bus Cօ. Ltd» և «Էլ Ընդ Էվ» ՍՊԸ-ն:

Ամենացածր գինն առաջարկել է «Transint» ընկերությունը՝ 4 մլրդ դրամ, իսկ երկրորդ ցածր գին առաջարկողը եղել է «Zhongtong»-ը՝ մոտ 5 մլրդ 477 մլն 981 հազ. դրամ:

Աճուրդի գնահատող հանձնաժողովը որոշել է «Zhongtong»-ի, «Xiamen King»-ի, «Yutong Bus»-ի և «Էլ Ընդ Էվ» ՍՊԸ-ի հայտերը մերժել, քանի որ «Transint» ընկերությունը չի ներկայացրել հայտի ապահովումը: Գնահատող հանձնաժողովը որոշել է մասնակցի հայտը գնահատել անբավարար և մերժել, իսկ «գնման ընթացակարգը հայտարարել չկայացած»:

2023թ. դեկտեմբերի 28-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել է բաց մրցույթ՝ նույն 171 ավտոբուսի ձեռքբերման համար, քանի որ հայտարարված էլեկտրոնային աճուրդը չէր կայացել։ 

Երևանի քաղաքապետարանից «Հետքին» հայտնում են, որ էլեկտրոնային աճուրդի գնման ընթացակարգի կիրառման ժամանակ գնահատվում է միայն առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած հայտը, և այն մերժելու դեպքում գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած: Հետևաբար, կարևորելով ավտոբուսների ձեռքբերման անհրաժեշտությունը և փոքրացնելով գնման ընթացակարգի չկայանալու ռիսկերը՝ որոշել են գնման ընթացակարգը իրականացնել բաց մրցույթով:   

Բաց մրցույթին հայտ է ներկայացրել 3 ընկերություն՝ «Xiamen Golden Dragon Bus Cօ. Ltd»-ն,  «Zhongtong Bus Holding Cօ. Ltd»-ն և «Yutong Bus Holding Cօ Ltd»-ն: 

Հարկ է նշել, որ ավտոբուսների բաց մրցույթի տեխնիկական բնութագրում Երևանի քաղաքապետարանն ավելացրել է հետևյալ բովանդակությունը. «Մատակարարը պետք է նախապես պատվիրատուին տրամադրի առաջարկվող ավտոբուսների սերիական արտադրության մոդել մակնիշը, տեխնիկական բնութագրերը և վերը նշված 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ պահանջվող ավտոբուսի հավաստագրերը առաջարկվող ավտոբուսների տեխնիկական բնութագրերի համապատասխանության ստուգման համար»: Նման ձևակերպում չի եղել էլեկտրոնային աճուրդի ժամանակ:

Բաց մրցույթում 171 ավտոբուսի մատակարարման համար ամենացածր գինն առաջարկել է «Xiamen Golden Dragon»-ը՝ 5 մլրդ 383 մլն 350 հազ. դրամ, «Zhongtong»-ը՝ 6 մլրդ 300 մլն դրամ, իսկ «Yutong Bus Holding»-ը՝ մոտ 7 մլրդ 75 մլն դրամ:

Մրցույթի գնահատող հանձնաժողովը որոշել է, որ «Xiamen Golden Dragon» ընկերության սերիական արտադրության և փորձարկումներ անցած ավտոբուսի տեխնիկական չափորոշիչները չեն համապատասխանում մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրի պահանջներին, հետևաբար հայտը գնահատվել է անբավարար, իսկ «Yutong Bus Holding»-ի առաջարկած գինն ավելին է եղել, քան քաղաքապետարանի սահմանած նախահաշվային արժեքը: 2024թ. ապրիլի 12-ին պայմանագիրը կնքվել է «Zhongtong»-ի հետ:

Ուշագրավ է, որ «Zhongtong» ընկերությունը մրցույթում առաջարկել է 6 մլրդ 300 մլն դրամ, և այդ գնով էլ նրա հետ պայմանագիր է կնքվել: Այն դեպքում, երբ էլեկտրոնային աճուրդի ժամանակ պատրաստ էր 171 ավտոբուսը մատակարարել 5 մլրդ 478 մլն դրամով: Այսինքն՝ մրցույթով 822 մլն դրամ ավելի թանկ են գնվել ավտոբուսները:

Հարկ է նշել, որ  Վազգեն Հարությունյանը եղել է, թե՛ էլեկտրոնային աճուրդի, թե՛ մրցույթը գնահատող հանձնաժողովների անդամ: Թեև «Գնումների մասին» օրենքը շահերի բախում դիտարկում է միայն ազգակցական կամ մերձավոր կապը, սակայն ակնհայտ է, որ նախկին գործընկերային կապը ևս կարող է շահերի բախում առաջացնել: Օրինակ՝ առնվազն կարող է կասկած հարուցել քաղաքապետարանի պաշտոնյա Վազգեն Հարությունյանի անաչառությունը, որպես գնահատող հանձնաժողովի անդամ՝ «Zhongtong» ընկերության մասով, քանի որ նրա հետ ունեցել է գործընկերային հարաբերություններ: Չի բացառվում, որ այդ համագործակցությունը շարունակվում է և այժմ «չերևացող» կողմ ունի:

Ինչ վերաբերում է մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած գնին, ապա, գուցե, մրցույթում ավտոբուսների տեխնիկական բնութագրի նշված ավելացումն է եղել պատճառը, որ մատակարարվող ավտոբուսների գինը 822 մլն դրամով ավելացել է: 

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հետքին» հայտնել են, թե բաց մրցույթի տեխնիկական բնութագրում նոր պահանջ՝ ավտոբուսի  մակնիշի և տեխնիկական բնութագրերի մասով, չի ավելացվել, այլ իրականացվել է տեխնիկական բնութագրի հստակեցում՝ կապված 2020թ. հունվարի 2-ից ՀՀ-ում գործող Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ ընդունված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների հետ: Ըստ քաղաքապետարանի՝ հստակեցման նպատակն այն էր, որ մասնակից ընկերությունը հստակ պատկերացում կազմի պահանջվող փաստաթղթերի, ինչպես նաև մատակարարվող ավտոբուսների տեխնիկական չափորոշիչների համապատասխանության մասին։

«Երևանի քաղաքապետարանը միշտ կարևորում է մատակարարվող ապրանքի տեխնիկական չափորոշիչների համապատասխանությունը մրցույթի պահանջներին, ինչպես նաև գործող իրավական փաստաթղթերին, որոնցով պայմանավորված՝ տեխնիկական բնութագրերը կազմվում են՝ առավելագույնը պարզ նկարագրելու նշված չափորոշիչները և պահանջները, քանի որ նշված ավտոբուսները շահագործվելու են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցում՝ ապահովելով Երևանի բնակիչների անվտանգ երթևեկը»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։

Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ քաղաքապետարանի հստակեցումն արժեցել է 822 մլն դրամ, քանի որ դրանից հետո է մրցույթում հաղթած ընկերությունը գինն այդ չափով թանկացրել:

«Էլեկտրոնային աճուրդի, ինչպես նաև այլ հայտարարված մրցույթների և հրավերների ժամանակ գինը ձևավորվում է մասնակիցների կողմից սահմանված կարգով ներկայացված գնային առաջարկների կամ էլեկտրոնային աճուրդի ժամանակ սակարկության միջոցով, որի հաշվարկման և ձևավորման գործընթացում Երևանի քաղաքապետարանը միջամտելու ոչ մի իրավական, տեսական և ֆիզիկական հնարավորություն չունի։ Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում մրցույթին մասնակցելու և իր գնային առաջարկը ներկայացնելու քաղաքականությունը՝ հաշվի առնելով իր ռիսկերը, ինքնարժեքի ծախսերը և ակնկալվող շահույթը»,- նշում են քաղաքապետարանից:

Քրեական գործից մինչև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ

2023թ․-ից Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է գտնվում Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով Գլխավոր դատախազության հայցի քննությունը։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել 4 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ մոտ 324 մլն 452 հազ. դրամ, 107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ և այլն։ 

Վ. Հարությունյանի անունը կապվում էր նաև քրեական պատմության հետ։ Քննչական կոմիտեն դեռևս 2020թ. ապրիլին հաղորդագրություն էր տարածել կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից մոտ 771 մլն 463 հազ.  դրամին համարժեք 1 մլն 598 հազ. 490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ։ Այդ ժամանակ Վ. Հարությունյանը եղել է ընկերության տնօրենը։

Այս գործերի ճակատագիրը դեռ անհայտ է։

Լուսանկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter