HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 մետրանոց նոր ավտոբուսները մարտից երթուղի դուրս կգան. Երեւանի քաղաքապետարան

«MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսներից 44-ն արդեն Երևանում են: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության հաղորդմամբ, փետրվարին կժամանի մյուս խմբաքանակը:

Նոր ավտոբուսները համայնքը ձեռք է բերել Եվրամիության աջակցությամբ՝ ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան, այնուհետ կարճ ուղեգծով փորձարկել դրանք քաղաքային երթևեկության պայմաններում:

«Համայնքը թե՛ իր միջոցներով, և թե՛ Կառավարության ու միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք է բերում նոր շարժակազմեր: «MAN» ավտոբուսների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 12 մլրդ դրամ: Բացի այդ, համայնքը մոտ 6.5 մլրդ ծախսել 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների, մոտ 2 մլրդ դրամ էլ՝ 15 նոր տրոլեյբուսների համար: Այս գնումները հնարավոր է եղել նաև երևանցիների վճարվող հարկերի միջոցով» ,-ասել է Լևոն Հովհաննիսյանը:

«Վստահաբար տրանսպորտի խնդիրը Երևանում ամենասուրն է այս պահին: Քաղաքապետարանը շարունակաբար ջանքեր է գործադրում՝ խնդիրը համակարգային լուծելու համար: Ավտոբուսների ներկրումը կարևոր բարեփոխումների մեկ բաղադրիչն է: Կան նաև հաջորդական քայլերը, որոնց իրականացումից հետո, տրանսպորտի խնդիրը, կարծում եմ, մեկ-երկու տարվա ընթացքում վերջնականապես կլուծվի»,-նշել է Տիգրան Ավինյանը և հավելել, որ նոր ավտոբուսներն երթուղի դուրս կգան արդեն մարտին:

«Սա տնտեսական ներդրումային առաջին համաձայնագիրն է, որը մենք ստորագրել ենք «կանաչ» քաղաք ունենալու համար: Հուսով ենք, որ ավտոբուսների շնորհիվ Երևանի օդի որակը էապես կբարելավվի»,- նշել է ԵՄ դեսպանը:

«Մենք կարևորում ենք ոչ միայն ավտոբուսների ձեռքբերումը, այլև քաղաքում ընդհանուր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախագծերն, իհարկե, շարունակական են լինելու» ,-ընդգծել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Քաղաքապետարանի հավաստիացմամբ, ավտոբուսները հարմարավետ են ինչպես նստած, այնպես էլ կանգնած ուղևորների համար: Սրահն ամբողջությամբ կահավորված է տեսախցիկներով, որոնք հետագայում կմիացվեն կառավարման կենտրոնին:

«12 մետրանոց, սեղմված բնական գազով աշխատող, ցածրահատակ ավտոբուսներն են: էստեղ կա հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար ոտնակ, որով կարող են բարձրանալ ավտոբուս: Այստեղ նաև առանձին հատուկ նստատեղեր են նախատեսված» ,- նշել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը:

Ավտոբուսների որոշ վարորդներ այս ընթացքում նաև հատուկ վերապատրաստում են անցել Գերմանիայում:

Այս տարի նախատեսվում է ներդնել նաև տոմսային համակարգը: «Մենք արդեն ունենք տոմսային համակարգի ներդրող ընկերություն, որը կազմակերպելու է միասնական տոմսային համակարգի ներդրումը ոչ միայն ավտոբուսներոմ, այլև դիտարկում ենք նույն համակարգը տեղադրել մետրոյում: Վստահաբար այն հնարավորություն կտա ձերբազատվել մետաղադրամներից»,- ասել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter