HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Փաշինյանը մեկնել է Թուրքիա, սպասվում է հանդիպում Էրդողանի հետ

Այսօր՝ հունիս 20-ին, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգը դեռ հայտնի չէ։

Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել, և տեղի է ունեցել դիմավորման արարողությունը։

Երեկ Էրդողանն ընդունել է Իլհամ Ալիևին։ Կային տեղեկություններ, որ հնարավոր է տեղի ունենա նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև, սակայն այս լուրը դեռ չի հաստատվել։

Փաշինյանի Թուրքիա այցը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատմական էր որակել։ 

«Ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, որովհետև Հայաստանի Հանրապետության ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,- ասել էր ԱԺ խոսնակը։

Փաշինյան-Էրդողան նախկին հանդիպումները

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ այս հանդիպել են չորս անգամ։

Երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում։ Դա 13-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպումն էր։ Հենց այդ օրն ընդունվեց այն հայտարարությունը, որով Հայաստանը ճանաչում էր Արցախը Ադրբեջանի կազմում։

Փաշինյան-Էրդողան երկրորդ հանդիպումն Անկարայում էր։ Հայաստանի վարչապետը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ներկա գտնված վերջին հայ պաշտոնյան նախկին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն էր (2014 թվականի օգոստոսի 28-ին)։2024 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան երրորդ հանդիպումը։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը»։

Իսկ այս տարի՝ մայիսի 16-ին, Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Էրդողանը կարճատև հանդիպում ունեցան։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թերևս ամենահայտնի փորձը ձեռնարկվեց Սերժ Սարգսյանի ղեկավարման սկզբում։ 2008-ին Սարգսյանի հրավերով Երևան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Այցի նպատակը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելն էր։ Հենց այս պատճառով էր, որ գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագտություն» անունը։ 

Հաջորդ տարի՝ 2009-ի ապրիլի 6-ին, Ստամբուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կարճ հանդիպում ունեցան Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները։ Օբաման նրանց հորդորել էր արագացնել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող համաձայնագրի կնքումը։ 

2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին 2 արձանագրություն։ Դրանցից առաջինը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, իսկ երկրորդը երկկողմ հարաբերությունների զարգացման մասին էին։ 

Արձանագրությունների ստորագրումը մեծ ոգևորություն առաջացրեց միջազգային հանրության շրջանում։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեցին արձանագրությունների ստորագրման կապակցությամբ։

Ստորագրումից հետո դրանք պետք է վավերացվեին երկու երկրների օրենսդիր մարմինների կողմից։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, արձանագրությունների ստորագրումից շատ չանցած՝ Թուրքիան կտրուկ փոխեց իր վերաբերմունքը դրանց նկատմամբ։ 2009 թվականի դեկտեմբերին այն ժամանակ դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները։ 

Հայաստանն էլ իր հերթին որոշեց անորոշ ժամկետով հետաձգել վավերացումը։ Իսկ 2015-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով, որ որոշում է կայացրել հետ կանչել արձանագրությունները ԱԺ-ից։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը  Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում առանձնապես տեղաշարժ չարձանագրվեց։ Թեև Փաշինյանը և թիմակիցները հայտարարում էին, որ պատրաստ են առանց նախապայմանների բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սակայն Թուրքիայից շարունակում էին պնդել, որ հարաբերությունների կարգավորումը կախված է Արցախյան խնդրի հանգուցալուծումից։

44-օրյա պատերազմից հետո հայ-թուրքական երկխոսությունն ակտիվացավ։ Երկու երկրները բանագնացներ նշանակեցին։ Հայկական կողմի բանագնացը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր, թուրքական կողմինը՝ Վաշինգտոնում նախկին դեսպան Սեդար Քըլըչը։ Ռուբինյանն ու Քըլըչը մինչև այսօր 5 հանդիպում են անցկացրել։ Դրանցից առաջինը տեղի ունեցավ 2022-ի հունվարի 14-ին, Մոսկվայում։ Այս հանդիպումն ավելի շատ ծանոթության նպատակ ուներ։ Բանագնացները նախնական մտքեր էին փոխանակել կարգավորման ընթացքի վերաբերյալ։ 

Ռուբինյանի ու Քըլըչի երկրորդ, երրորդ և չորրորդ հանդիպումները տեղի ունեցան Վիեննայում՝ համապատասխանաբար 2022-ի փետրվարի 22-ին, մայիսի 2-ին և հուլիսի 1-ին։ Չորրորդ հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվեցին հնարավոր ամենասեղմ ժամկետներում բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ 

Հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ ավելի քան 2 տարի անց՝ 2024-ի հուլիսի 26-ին։ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպեցին հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում։ Այս անցակետի 6 ամիս տևած հիմնանորոգումն ավարտվել էր 2023-ի նոյեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter