
Թրամփը երկու շաբաթվա ընթացքում որոշում կընունի Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ հնարավոր ներգրավման վերաբերյալ. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի՝ արդյոք ԱՄՆ-ն պետք է հարվածներ հասցնի Իրանին, թե ոչ: ԱՄՆ նախագահի հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ մեջբերել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
Թրամփի պնդմամբ՝ դեռևս կա հավանականություն Թեհրանի հետ բանակցությունների անցկացման վերաբերյալ։
«Կախված նրանից, որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չունենալ մոտ ապագայում, ես որոշում կկայացնեմ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- ճեպազրույցի ժամանակ Թրամփի հայտարարությունն ընթերցել է Լևիթը։
Դեռ երեկ գրել էինք, որ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ամերիկյան հարվածներ հասցնելու նախագծին, բայց վերջնական հրաման չկա։ Թրամփն իր ավագ օգնականներին հայտնել էր, որ հավանություն է տալիս հարձակման ծրագրերին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում՝ սպասելով՝ արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Ամերիկյան հարվածի հնարավոր թիրախը, ըստ WSJ-ի, Ֆորդոյում ուրանի հարստացման գործարանն է։
Հունիսի 17-ին ABC News-ը հայտնել էր, որ հաջորդ 24-48 ժամերը վճռական կդառնան` հասկանալու՝ արդյոք Իրանի հետ հակամարտությունն ունի դիվանագիտական լուծում, թե ԱՄՆ-ն ստիպված կլինի դիմելու ռազմական գործողությունների։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր հեռուստաուղերձում նշել է, որ ամերիկացիները պետք է հիշեն, որ «Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անդառնալի վնաս կհասցնի նրանց»։
Լուսանկարը՝ Chip Somodevilla / Getty Images
Մեկնաբանել