HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանի առանձնատանը «օպերատիվ գործողություններ» են իրականացվում

Այս պահին օպերատիվ գործողություններ են իրականացվում գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, ինչի հետևանքով հարակից փողոցները փակ են։

«Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանին ևս պատրաստվում են բերման ենթարկել։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում (девелопмент), ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը, news.am կայքի հարցազրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։

Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Այս հարցազրույցին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ում արված գրառումը:

«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում է արել․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ «Տաշիր Գրուպ»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter