
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Դեռևս հստակ չէ, թե այս հարցով մենք ինչ որոշում կընդունենք հունիսի 15-ի մասով»,- նրա խոսքերը մեջբերել է TACC-ը՝ հղում անելով իրանական NourNews գործակալությանը։ Ավելի վաղ Բաղային հայտարարել էր, որ իսրայելական հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններն անիմաստ են դարձել:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաև աշխարհում յուրաքանչյուր ոք, չի հավատա, որ սիոնիստական ռեժիմը (ի նկատի ունի Իսրայելին՝ խմբ.) կարողացավ նման անխոհեմ ագրեսիա իրականացնել և պատերազմ հրահրել տարածաշրջանում՝ առանց ԱՄՆ-ի հետ համագործակցության, նրանց հետ իր գործողությունները համակարգելու կամ գոնե առանց նրանց կողմից գիտակցված թույլտվություն ստանալու»,- հավելել է նա։
Հետաքրքրական է, որ նախօրեին Իրանի մի շարք պաշտոնյաներ ազդարարում էին բանակցությունների չեղարկման մասին։
Այս տարվա ապրիլից ԱՄՆ-ն ու Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են վարում Օմանի միջնորդությամբ։ Բանակցությունների վեցերորդ փուլը պետք է կայանար վաղը Մասկատում, սակայն իսրայելական հարվածներից հետո դրա անցկացումը հարցականի տակ է հայտնվել:
Լուսանկարը՝ Shutterstock Photo
Մեկնաբանել