HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն իր հերթին հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

Հունիսի 13-ի երեկոյան Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ «Պաշտպանության համակարգերը գործում են, որպեսզի չեզոքացնեն սպառնալիքը։ Բնակչությանը խնդրում ենք թաքնվել պաշտպանված տարածքներում և մնալ այնտեղ մինչ հետագա հաղորդագրությունները»,- հայտարարել էր Իսրայելի պաշտպանության բանակը։

Իսրայելի ուղղությամբ իրանական հարվածն սկսվել է Երևանի ժամանակով մոտ 22:00-ին։ Առաջին հարվածից հետո Իրանը ևս մեկ հարված է հասցրել։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրանական երկու հարվածների ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 100 հրթիռ (ի սկզբանե զինվորականները նշում էին 150 հրթիռի մասին)։ Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Երևանի ժամանակով մոտ 23:00-ին Իսրայելի թիկունքի հրամանատարությունը հայտնեց, որ իսրայելցիները կարող են դուրս գալ ապաստարաններից։ Այդ երկրի 9-րդ հեռուստաալիքը կոչ էր արել շատ հեռու չգնալ դրանցից։

Իրանական հրթիռների թիրախում հայտնվել է Թել Ավիվը։ Reuters-ը, հղում անելով ականատեսներին, փոխանցում է, որ քաղաքում հնչել են պայթյուններ։ Հարվածներից մեկը հայտնվել է տեսանյութերից մեկում։ Այնտեղ երևում է, թե ինչպես է «Երկաթե գմբեթ» անունը կրող ՀՕՊ համակարգը հետ մղում հարձակումը, իսկ հրթիռներից մեկն ընկնում է բնակելի շենքի տարածքում։

Իրանական հարվածի հետևանքով Թել Ավիվի ագլոմերացիայում ավերվել է բնակելի մի շենք։ Թել Ավիվի արվարձաններից մեկում էլ մարդիկ արգելափակվել են այրվող շենքում։ Ynet-ը նշում է, որ ագլոմերացիայի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է առնվազն 7 խոցում։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը, Իսրայելում գրանցվել է 9 խոցում (դեպքերի մեծ մասում, հավանաբար, խոսքը խոցումից հետո հրթիռների բեկորների ընկնելու մասին է)։ Ընդհանուր առմամբ համացանցում կա մոտ 20 տեսագրություն, որտեղ երևում են Թել Ավիվի շրջանում գրանցված պայթյունները։

Իրանական IRNA գործակալությունը պնդում է, որ իրանական մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։ Վերջինիս տվյալներով՝ Թել Ավիվում ոչնչացվել է նախարարության կենտրոնակայանը։ Ենթադրաբար, իրանական կողմը նկատի ունի Իսրայելի պաշտպանության նախարարությունը, քանի որ ազգային անվտանգության նախարարությունը տեղակայված է Երուսաղեմում։ Իսրայելում այս լուրը դեռևս չեն մեկնաբանում։ 

Իրանական հարվածի հետևանքով կան վիրավորներ։ «Մագեն Դավիդ Ադոմ» բժշկական ծառայությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով տուժել է առնվազն 21 իսրայելցի, նրանց մեծ մասն ունի թեթև վնասվածքներ։ Երկու մարդ ծանր վիրավոր է։ Իսրայելի ոստիկանությունը նշել է, որ Թել Ավիվում վնասվել է մի քանի շենք։

Իսրայելը հայտարարել է, որ իրանական հրթիռների մեծ մասը չի հասել իր թիրախին։ Երկրի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքով` Իրանի հարձակման ժամանակ հրթիռների մեծ մասը խոցվել է կամ էլ չի հասել թիրախներին։ Այդուհանդերձ, կան նաև թիրախային հարվածներ։

Axios պարբերականն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին, հայտնում է, որ ԱՄՆ-ն օգնել է Հրեական պետությանը հետ մղել հարձակումը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ Իրանի պատասխան հարվածը ստացել է «Արդարացի խոստում 3» անվանումը։ Վերջինիս հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի զինված ուժերը Իսրայելի տարածքում հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական և ավիացիոն բազաների ուղղությամբ։

Այդ անվամբ առաջին երկու գործողություններն Իրանն իրականացրել էր 2024 թվականի ապրիլին և հոկտեմբերին. դրանք ևս զանգվածային հրթիռակոծություններ էին։ 

Իսրայելը հայտարարել է, որ Իրանը հատել է «կարմիր գիծը»՝ հարվածներ հասցնելով բնակելի թաղամասերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Իրանը հատել է կարմիր գիծը, երբ համարձակվել է հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակչության բնակության շրջանների ուղղությամբ»: Նա խոստացել է, որ «այաթոլաների ռեժիմը ծանր գին կվճարի իր հանցավոր գործողությունների համար»։ Ավելի վաղ, Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը հայտարարել էր, որ «Իրանը չափազանց մեծ գին կվճարի քաղաքացիական շրջանների հրթիռակոծման համար»։ 

«Մենք գիտենք, որ Իսրայելը խոցել է (խոսքը իրանական թիրախների խոցման մասին է՝ խմբ.), և մենք գիտենք, որ Իսրայելը որոշել է դա չանել (խոսքը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքական ղեկավարությանը հարվածների մասին է)։ Բայց դա կարող է հաջորդ քայլը լինել»,- ասել է աղբյուրը։ Տարբեր գնահատականներով՝ Իսրայելն այդպես է սպառնում հարվածել իրանական էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներին կամ էլ Իրանի քաղաքական ղեկավարությանը։

Լուսանկարը՝ Leo Correa / AP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter