
Իսրայելական հետախուզությունը հարձակումից առաջ գաղտնի գործողություններ է իրականացրել Իրանի տարածքում. իսրայելական լրատվամիջոցներ
Իսրայելական Kan հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի հետ միասին Իրանի տարածքում իրականացրել է գաղտնի գործողություններ, որոնք ուղղված են եղել այդ երկրի ռազմավարական նշանակության հրթիռային հնարավորությունների և հակաօդային պաշտպանության ուժերի համակարգերի չեզոքացմանը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական հետախուզությունը գործողությունն իրականացրել է Իրանի խորքերում՝ հարվածային համակարգեր տեղադրելով տրանսպորտային միջոցներում և Թեհրանից ոչ շատ հեռու ստեղծելով դրոնների բազա։
Ինչպես փոխանցում է իսրայելական կողմը, գործողությունն իրականացվել է իսրայելական հարձակումից որոշ ժամանակ առաջ։ Այն ներառել է երեք հիմնական փուլ։ Առաջին փուլի ժամանակ իսրայելական հետախուզության ներկայացուցիչներն Իրանի կենտրոնական հատվածում գտնվող հակաօդային պաշտպանության համալիրների մոտ տեղակայել էին բարձր ճշգրտության կրակի շարժական համակարգեր: Դրանք ակտիվացվել են այս գիշեր տեղի ունեցած հարձակման սկսվելուն զուգահեռ։
Երկրորդ փուլը ներառում էր «հարվածային համակարգերի և առաջադեմ տեխնոլոգիաների» տեղադրումը տրանսպորտային այն միջոցների վրա, որոնք գաղտնի տեղափոխվել էին Իրան: Դրանք ևս գործի են դրվել այս հարձակման սկսվելուն զուգահեռ ու ուղղված են եղել իրանական ՀՕՊ համակարգերի ոչնչացմանը։
Գործողության երրորդ փուլի շրջանակներում Մոսադը Թեհրանից ոչ շատ հեռու ստեղծել է հարվածային դրոնների բազա, որոնք իսրայելական հետախուզության ներկայացուցիչները նախապես տեղափոխել էին Իրանի տարածք: Գիշերային հարձակման ժամանակ դրոններն ակտիվացվել են և ուղղվել Թեհրանի մոտ գտնվող բալիստիկ հրթիռների արձակման կայանքների ուղղությամբ:
Լուսանկարը՝ israelnoticias.com-ից
Մեկնաբանել