
Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. իրանական կողմը խոստանում է պատասխան հարված
Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի ժամանակով 04:00-ի սահմաններում Իսրայելը սկսել է հարվածել Իրանի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այդ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաթանզում և Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկություններին, Քերմանշահի և Խորեմաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և իրանական մյուս խոշոր քաղաքներին։
Հարվածների թիրախ են դարձել Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը, ինչպես նաև այն գիտնականները, որոնք աշխատում էին այդ երկրի միջուկային ծրագրի վրա։ Հարվածներ են հասցվել նաև Ղոմի ուղղությամբ, որտեղ բնակվում են իսլամական հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ։
Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով ոչ պաշտոնական տվյալներին, հայտնել է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։ Ավելի ուշ, Կորպուսը հաստատել է Սալամիի մահվան լուրը։ Զոհեր և տասնյակ վիրավորներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում, հատկապես՝ Թեհրանում։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրին էլ հայտարարել է, որ «կանխարգելիչ այս հարձակումը պայմանավորված է նրանով, որ Իրանը առավել քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստացմանը»։ «Իսրայել Պետությունը թույլ չի տա ռեժիմին, որի նպատակն է վերացնել Իսրայել Պետությանը, ունենալ զանգվածային խոցման զենք»,- ընդգծել է նա։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն էլ եբրայերենով դիմել է իսրայելցիներին, իսկ անգլերենով՝ ամերիկացիներին։
Նա հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունն ստացել է «Ժողովուրդն ինչպես էգ առյուծ» անվանումը։ Նա նշել է, որ Իրանը ուրան էր կուտակել ատոմային 9 ռումբերի համար և երեք տարվա ընթացքում մտադիր էր 9000 բալիստիկ հրթիռ արտադրել։
Իր անգլալեզու ուղերձում Նեթանյահուն հատուկ ընդգծել է, որ իրանական իշխանությունների հռետորաբանության մեջ Իսրայելը «միայն փոքր սատանա է, իսկ մեծ սատանան ԱՄՆ-ն է»։
Իրանի կողմից պատասխան գործողությունների մասին դեռևս չի նշվում։ Սակայն գեներալ Աբոլֆազլ Շեքարչին իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կձեռնարկեն պատասխան գործողություններ։
Նա հաստատել է, որ այս հարվածների հետևանքով զոհվել է ռազմական մի քանի հրամանատար և գիտնական։ «Սիոնիստական ռեժիմը և Միացյալ Նահանգները մեծ գին կվճարեն ու կստանան հուժկու հարված»,- նրա հայտարարությունը մեջբերում է IRNA գործակալությունը։
Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։ Դպրոցները, մանկապարտեզները, համալսարանները և բոլոր բիզնեսները, բացառությամբ կենսական նշանակության, չեն գործում: Երկրի օդային տարածքը փակ է։ Իրանը ևս փակել է իր օդային տարածքը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը «միակողմանի կարգով» է հարձակում ձեռնարկել Իրանի վրա: Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին կոչ էր արել ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։ Իսկ տարածաշրջանի երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների ոչ հիմնական անձնակազմին հանձնարարվել էր լքել դիվանագիտական ներկայացուցչություններն ու ռազմակայանները։
2024 թվականին Իրանը երկու անգամ զանգվածային հարվածներ էր իրականացրել Իսրայելի ուղղությամբ՝ ապրիլի 14-ի գիշերն ու հոկտեմբերի 1-ի երեկոյան։ Առաջինը պատասխանն էր Դամասկոսին իսրայելական հարվածին, ինչի հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձաստիճան մի քանի սպա, ներառյալ «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատարը։ Վերջինս համակարգում էր տարածաշրջանում իրանամետ ուժերին, որոնք կռվում են Իսրայելի դեմ։ Իրանական երկրորդ հարվածն էլ դարձել էր Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսրայել Հանիայի և Բեյրութում Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրալայի սպանությունները։
Կիրակի օրը՝ հունիսի 15-ին, Օմանում պետք է կայանար Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունների գլխավոր թեման ուրանի հարստացման հարցն էր։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը կարող է զարգացնել իր ատոմային էներգետիկան միայն ներկրված հարստացված ուրանի հաշվին: Իսկ Իրանը հայտարարում է, որ սեփական տարածքում ուրանի հարստացումն իր ինքնիշխան իրավունքն է։
Լուսանկարը՝ Sepah News/AFP-ի
Մեկնաբանել