HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմաճակատի երկու կողմերում. ռուս-ուկրաինական պատերազմի հայ զոհերը

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Այն շարունակվում է մինչև այս պահը։ Շուրջ 3 տարի ընթացող այս հակամարտության հետևանքով երկու կողմերից զոհվել են հարյուր հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձինք և երեխաներ։ Մարտական գործողությունների հետևանքով ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կարևոր նշանակության ենթակառուցվածքներ։

Այս արյունալի պատերազմին ռազմաճակատի երկու կողմերից մասնակցում են բազմաթիվ հայեր։ Նրանց թվում են ինչպես Ռուսաստանի կամ Ուկրաինայի քաղաքացիներ, այնպես էլ՝ երկքաղաքացիներ կամ միայն ՀՀ քաղաքացիներ։ Պատերազմում ներգրավված ՀՀ քաղաքացիների թվի մասին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը տվյալներ չունի։ Հայտնի չէ նաև, թե ՀՀ քանի քաղաքացի է զոհվել ռուս-ուկրաինական պատերազմում։ 

Օգտվելով բաց աղբյուրներում առկա տվյալներից՝ «Հետքը» նույնականացրել է պատերազմում զոհված բազմաթիվ հայազգի զինվորականների։ Ընդ որում՝ նրանցից ոմանք մասնակցել են 2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ դրանից հետո հակամարտել իրար դեմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի տարբեր կողմերում։

«Հետքը» ներկայացնում է ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված երկու հայերի պատմությունը։ Նրանցից մեկը՝ Վարդան Բաղդասարյանը, կռվում էր ռուսական կողմում, իսկ մյուսը՝ Վարդգես Սիրունյանը՝ ուկրաինական։ 

Վարդան Բաղդասարյան 

44-օրյա պատերազմի ժամանակ արված «Հետքի» լուսանկարում երևում է Վարդան Բաղդասարյանը։ Հիմա այդ լուսանկարը շրջանակի մեջ դրված է սեղանին՝ Վարդանի մյուս իրերի հետ։ Նա զոհվել է 2024 թվականի նոյեմբերի 15-ին Կուրսկի մարզում։

Վարդան Բաղդասարյանը ծնվել է 1978 թվականին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 1996-98թթ․ ժամկետային զինծառայող է եղել Արցախում՝ Քարվաճառի զորամասում։ Այնուհետև շարունակել է ծառայությունը նույն զորամասում՝ որպես պայմանագրային։

2006-ին Վարդանը թողել է ծառայությունը ու մեկնել Ռուսաստան։ Նա նաև ՌԴ քաղաքացիություն ուներ և մեկ տարի էլ որպես հետախույզ ծառայել է ռուսական բանակում։

Ռուսական բանակում ծառայությունն ավարտելուց հետո Վարդանը սկսել է աշխատել Ռուսաստանում։

«Երկար տարիներ ինքը խադավիկ (ընթացքագործ) էր աշխատում Ռուսաստանում։ Հետո ընկերները համոզեցին, որ տեղափոխվի Հայաստան ու էստեղ աշխատի։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին եկավ։ Մի շաբաթ հետո սկսվեց պատերազմը։ Իրերը հավաքեց ու գնաց Արցախ»,- պատմում է Վարդանի մայրը՝ Հարփիկ Բաղդասարյանը։

Մայրը հիշում է, որ Վարդանը իր տեղը չէր գտնում, ուզում էր օր առաջ գնալ Արցախ։ Երբ Էջմիածնի զինկոմիսարիատում ասել էին, որ գնա տուն ու սպասի մինչև կանչեն, նա գնացել էր Երևան ու Դավթաշենի զինկոմիսարիատից մեկնել Արցախ։

Վարդանը պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, մասնակցել է Մռավ լեռան վրա գտնվող դիրքերի պաշտպանությանը։ Միայն նոյեմբերի 11-ին, երբ պատերազմն ավարտվել էր, Վարդանը վերադարձել է տուն։

Կարճ ժամանակ անց որպես պայմանագրային զինծառայող նորից անցել է ծառայության՝ Հաթերքի զորամասում։

«Հետո արդեն Ջերմուկի հարձակումը եղավ, հետո՝ Վարդենիսի, ու Վարդանը մասնակցել է բոլոր էդ կռիվներին։ Հինգ ամիս մնաց Ջերմուկի դիրքերում մինչև հանդարտվեց իրավիճակը, նոր իջավ»,- հիշում է Հարփիկ Բաղդասարյանը։

Մինչև 2024-ի ապրիլ ամիսը Վարդանը որպես պայմանագրային զինծառայող իրականացրել է մարտական հերթապահություն սահմանի տարբեր հատվածներում։

«Ապրիլին դուրս եկավ, որովհետև չէր կարողանում հարմարվել էդ միջավայրին։ Ասում էր՝ «բարդակ ա», չեմ կարող շարունակել ծառայությունս։ Դուրս եկավ ու չորս ամիս էլ էստեղ աշխատեց՝ որպես խադավիկ (ընթացքագործ)։ Հետո ռուսական անձնագրի ժամկետը լրանում էր, ասեց՝ գնամ թարմացնեմ։ Վախենում էի, որ կգնա պատերազմ, բայց համոզեց ինձ, խոստացավ, որ չի գնա»,- հիշում է մայրը։

Որդու իրերը դասավորելիս մայրը կասկածել էր, որ Վարդանը գնում է Ռուսաստան պատերազմին մասնակցելու համար։ Բայց մտածել էր, որ եթե խոստացել է, ուրեմն չի խաբի իրեն։ 2024 թվականի հուլիսի 7-ին Վարդանը մեկնել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ։ Միանգամից ծառայության է անցել Պետերբուրգի զորամասում՝ որպես սակրավոր։ 

Սակրավորի մասնագիտացում Վարդանը ձեռք էր բերել 2000-ականներին։ Նա մասնակցել էր Էջմիածնում ամերիկացի զինծառայողների կազմակերպած դասընթացներին։

Վարդան Բաղդասարյանը զոհվել է 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Կուրսկի մարզում։ Զինակիցները պատմել են, որ Վարդանը զոհվել է ականազերծման աշխատանքներ անելիս։

«Ասեցին՝ երկու ական ա եղել իրար վրա։ Առաջինը հանել ա, երկրորդը պայթել ա»,- ասում է մայրը։

Վարդանի մարմինը տեղափոխել են Հայաստան։ Նա հուղարկավորված է Էջմիածնում։

Վարդգես Սիրունյան

Էմմա Տոնոյանը որդուն վերջին անգամ տեսել է 2022 թվականին։ Այդ ժամանակ  պատերազմն արդեն սկսվել էր, ու Զապորոժիեում մնալն ապահով չէր։ Ընտանիքը 2022-ի մարտի 6-ին տեղափոխվել է Ֆրանսիա, Ուկրաինայում մնացել է միայն Վարդգեսը։

Սիրունյանների ընտանիքը Հայաստանից Ուկրաինա էր տեղափոխվել 1994 թվականին, նույն տարում էլ ծնվել էր Վարդգեսը։

Վարդգեսն ընտանիքի հետ ապրում էր Զապորոժիե քաղաքում՝ Ուկրաինայի արևելքում։ Զբաղվում էր ձեռնարկատիրությամբ, ծառերի ու ծաղիկների խանութ ուներ։

489862312_2043011376207514_4055556772618688475_n (1).jpg (411 KB)

Վարդգեսի մայրը՝ Էմմա Տոնոյանը, պատմում է, որ որդին երկու համալսարան էր ավարտել․ «Սկզբում ավարտեց Զապորոժիեի դասական մասնավոր համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, հետո՝ Զապորոժիեի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Վարդգեսը բնություն, կենդանիներ շատ էր սիրում։ Հաճախ գնում էր Եվրոպա, էնտեղից նոր բույսեր ու ծառեր էր ներկրում»։

Մոր խոսքով, տղան շատ կապված է եղել իր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Ուկրաինայի հետ։

«Զապորոժիե քաղաքում մենք շատ լավ հայկական համայնք ունենք։ Մեր եկեղեցու բակը Վարդգեսն է կանաչապատել։ Հիմա մարդիկ ինձ տեսնում են, ասում են՝ ձեր տղան այս ինչ բանն է արել մեր համար, անծանոթ մարդիկ ինձ նամակ են գրում, ասում են՝ ձեր որդու շնորհիվ մենք հիմա ապրում ենք»,- պատմում է Էմման։

Պատերազմի սկսվելուց հետո Վարդգեսը թիկունքային աշխատանքներով էր զբաղված։ Անհրաժեշտ իրեր էր հասցնում զինվորներին։ Ընտանիքին Ֆրանսիա տեղափոխելուց հետո Վարդգեսը որոշում է մեկնել ռազմաճակատ՝ դրա մասին որևէ մեկին չտեղեկացնելով։

490153267_2043648046143847_1417501792887910791_n.jpg (468 KB)

Էմմա Տոնոյանը պատմում է, որ որդին մարտական գործողությունների ժամանակ տարբեր գործեր է արել, անօդաչու թռչող սարքեր է վարել, օգնել է վիրավորներին մարտի դաշտից դուրս բերելու հարցում։ 

«Վարդգեսը ըմբշամարտով էր զբաղվում ու այդ ժամանակ ոտքը վնասել է, իրեն բանակ չէին տարել, կարող էր հանգիստ մնալ տանը, բայց կամավորագրվեց ու գնաց։ Ընկերները պատմում են, որ նա միշտ առաջինն էր գնում օգնության, մտնում խրամատները ու հանում վիրավորներին»,-ասում է մայրը։

Վարդգեսը մարտական գործողությունների է մասնակցել Դոնեցկի, Խարկովի և Կուպյանսկի շրջակայքում։ Հենց այնտեղ էլ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին՝ հրետակոծության ժամանակ, զոհվել է 30-ամյա Վարդգես Սիրունյանը։ 

«Ես իրեն 3 տարի չէի տեսել, հուղարկավորության օրն էլ չտեսա, տղայիս փակ դագաղով էին բերել, դրա համար էլ դեռ հույս ունեմ, որ գուցե կտեսնեմ մի օր։ Ամուսինս ու տեգորս տղան գնացել էին Կուպյանսկ՝ Վարդգեսի զոհվելու տեղը, ասում էին, որ վառված ու քանդված քարերի կույտ էր, ու էդտեղ տղաս 3 տարի մնացել է»,-ասում է Էմմա Տոնոյանը։

WhatsApp Image 2025-06-11 at 10.40.07_3025a83d.jpg (232 KB)

Վարդգեսի զոհվելուց հետո ընտանիքը վերադարձել է Զապորոժիե, Ֆրանսիայում է մնացել միայն քույրը։

«Տղայիս կորցնելուց հետո էլ ոչ մի բանից չեմ վախենում։ Պարզապես կուզեի մի հարց տալ ռուսական կողմից կռվող հայերին՝ ինչի՞ են զենքը վերցրել ու մտել Ուկրաինա։ Հասկանալի է, գուցե էդ հայերն էլ Ռուսաստանում են ծնվել, դա են համարում իրենց հայրենիքը, բայց ինչի՞, ինչի՞ են մտել ուրիշի երկիր ու մարդկանց սպանում»,-ասում է Էմման։

Վարդգես Սիրունյանը Ուկրաինայի նախագահի կողմից հետմահու արժանացել է «Արիության» համար շքանշանի։

Վարդգես Սիրունյանի լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter