HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լելե Թեփեի ձախողված օպերացիան. պատմում է տանկային գումարտակի հրամանատարը

2020 թվականի հոկտեմբերի առաջին օրերին Արցախում իրավիճակը ծանր էր։ Հոկտեմբերի 3-ին շփման գծի հարավային հատվածում ճեղքվեց բնագիծը, ադրբեջանական զինված ուժերը խորանում էին հայկական զորքերի թիկունք։

Հենց այդ օրերին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց իրականացնել հակահարձակման օպերացիա։ Հետագայում «Լելե թեփեի» կամ «Քյանդ Հորադիզի» (գյուղ Հորադիզ) հակահարձակման օպերացիա անունը ստացած գործողության մտահղացման հեղինակն Արցախի անվտանգության խորհրդի այդ ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանն էր։

Օպերացիայի նպատակն էր հարձակման անցնել հակառակորդի վերահսկողության տակ անցած Քենդ Հորադիզի (Հորադիզ գյուղ) ուղղությամբ, կտրել ադրբեջանական ստորաբաժանումների մատակարարումը և շրջափակման մեջ վերցնել նրանց։   

2020 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսվեց 44-օրյա պատերազմի թերևս  ամենակարևոր և ճակատագրական օպերացիան։ Հորադիզ գյուղի արևմտյան հատվածից հայկական ստորաբաժանումները՝ Իվանյանի տանկային բրիգադը և 8-րդ առանձին մոտահրաձգային բրիգադից (ՑՕՐ) երկու գումարտակ, ճեղքման փորձ կատարեցին։

Հակահարձակման օպերացիան տապալվեց։ Հայկական կողմը մարդկային և տեխնիկական կորուստներ կրեց։ 

Այս օպերացիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերին Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Հարությունյանը մեղադրվում էր ռազմական դրության պայմաններում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։ 2023-ի աշնանը Ջալալ Հարությունյանն այս դրվագով արդարացվեց։

Ռազմագիտական հանձնաժողովի 306 էջանոց փորձագիտական եզրակացությամբ 11 ռազմագետ եկավ եզրակացության, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է «բարեխիղճ, զգոն և գրագետ»։

2025 թվականի մայիսին Հորադիզի հակահարձակման ձախողված օպերացիայի մասով դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան հանձնեց ևս մեկ վարույթ։ Վարույթի շրջանակում մեղադրյալներն այս անգամ երեքն են՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (ՑՕՐ) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն բրիգադի երկրորդ գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ 

Ըստ վարույթի՝ հակահարձակման օպերացիայի ընթացքում զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը։

Հակահարձակման օպերացիան

8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի տանկային գումարտակը հոկտեմբերի 5-ին գտնվում էր կենտրոնացման շրջանում՝ Ասկերանի Ուղտասար գյուղում։ Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը հրաման է ստացել իրականացնել տեղազննում Հադրութի «9-րդ կիլոմետր» կոչվող հատվածում։

«Ես առաջարկեցի, որ վաշտի հրամանատարներն էլ գան մեզ հետ։ Առաջարկս ընդունվեց եւ մենք առավոտը վեցին դուրս եկանք։ Գնացինք Հադրութի դպրոց, որ մեզ ուղեկցեն՝ մեր մարտական գործողության շրջանը տեղազննելու, տեղանքը ուսումնասիրելու։ Մեզ ուղեկցում էր Վահան Բադասյանը (Արցախի ԱԺ այդ ժամանակվա պատգամավոր)։ Ինքը պիտի մեզ ուղեկցեր մարտական կիրառման շրջան, որ տեղանքում մենք կատարեինք աշխատանքներ։ Սակայն, Հադրութ քաղաքի մոտ գտնվող «9-րդ կիլոմետր» տարածքում հրետանային արկերից Բադասյանը վիրավորվեց։ Մենք հետ գնացինք դպրոց, որ նորից մեզ ուղեկցող տան, որ մեզ տանի տեղանքը ուսումնասիրենք։ Ուղեկցողները Ֆիզուլու առանձին զրահատանկային գումարտակից պիտի լինեին։ Էդ ուղեկցողները մինչև եկան, արդեն ժամը 16:00-ն էր, ու եղանակը վատ էր, տեսանելիություն չկար։ Սպասեցինք, մինչև տեսանելիությունը բացվի, որ գնանք՝ տեղանքն ուսումնասիրելու, սակայն այդպես էլ չբացվեց, և մենք տեղազննում չարեցինք, ընդհանրապես տեղանքին էլ չծանոթացանք»,- պատմում է Մնացականյանը։

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Արթուր Օհանյանը Գառնիկ Մնացականյանի և Գեղամ Աբրահամյանի հետ գնացել է Պաշտպանության բանակի խորացված հրամանատարական կետ։ Այնտեղ նրանց է հանդիպել ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Հարությունյանը ներկայացրել է օպերացիայի մանրամասները, բացատրել ստորաբաժանումներից յուրաքանչյուրի անելիքը։ Գառնիկ Մնացականյանի խոսքով՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Սամվել Բաբայանը։

«Պիտի հարձակվող հակառակորդի աջ թևից հարվածեինք, առաջ խաղացող զորքերին կտրեինք թիկունքային ապահովումից։ Դրանից հետո արդեն առաջին բանակային կորպուսը պիտի հարված հասցներ»,- ասում է Գառնիկ Մնացականյանը։

Մնացականյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանը հարցրել է՝ արդյոք պարզ է առաջադրանքը, ինչին բոլորը դրական պատասխան են տվել։ Մնացականյանը նաև   տեղեկացրել է, որ ծանոթ չէ տեղանքին։

Խորհրդակցությունից հետո Գառնիկ Մնացականյանը, Արթուր Օհանյանը և Գեղամ Աբրահամյանը գնացել են իրենց զորամասի հրամանատարական կետ։ Այնտեղ գնդապետ Օհանյանը հրահանգներ է տվել գումարտակների հրամանատարներին, նրանց տեղակալներին, կապի և նյութապահովման ստորաբաժանումների հրամանատարներին։

Այնուհետև Գառնիկ Մնացականյանը գնացել է իրենց կենտրոնացման շրջան՝ Ուղտասար։ Ժամը 22:20-ին նա հավաքել է տանկային գումարտակի ամբողջ անձնակազմին և ներկայացրել իրենց առաջ դրված խնդիրը։

Հոկտեմբերի 6-ի երեկոյան՝ 22:30-ին, 20 հատ «Տ-72» տանկից բաղկացած շարասյունը Գառնիկ Մնացականյանի գլխավորությամբ շարժվել է Հադրութի Տող գյուղի ուղղությամբ։ 

«Մեզ ուղեկցում էր զորամասի հրամանատարի տեղակալը՝ Նաիրի Ավետիսյանը՝ իր «ՈւԱԶ»-ով։ Եվ ինքը ուղեկցելուց էնտեղ սխալ ճանապարհ ցույց տվեց։ Ես ասացի՝ այս ճանապարհով որ գնանք, էնտեղ մի հատ կամուրջ կա, չի պահելու էդ կամուրջը, սխալ ենք անում, պիտի հետ գնանք։ Մինչև տանկերը հատ-հատ հետ տվեցինք, դասավորեցինք, մի ժամ ժամանակ կորավ։ Երբ արդեն Կարմիր գյուղ էինք հասել, էն տանկը, որի մեջ ես էի,  սկսեց յուղ թողնել»,- պատմում է գումարտակի հրամանատարը։ 

Մնացականյանը հրահանգել է գումարտակի բարոյահոգեբանական գծով տեղակալին մնալ տանկի անձնակազմի հետ, փորձել վերանորոգել տանկը։ Եվ եթե հնարավոր լինի վերանորոգել, միանան իրենց։ Ինքը շարունակել է երթը մեկ այլ տանկով։

Հոկտեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին, տանկային շարասյունը հասել է Տող գյուղում գտնվող գազալցակայան։

Մնացականյանի խոսքով՝ Տողի գազալցակայանում իրարանցում էր և խառնաշփոթ։ Տանկերը, հետևակի մարտական մեքենաները (ՀՄՄ) և այլ զորամասերի մեքենաներ փորձում էին լիցքավորել։

«9 տանկ լիցքավորել էի արդեն, երբ Օհանյանը կանչեց, ասաց՝ ուշանում ենք։ Արդեն ժամը 06:50-ն էր։ 07:00-ին պիտի սկսեինք հարձակումը։ Ասացի՝ 9 տանկ եմ հասցրել լիցքավորել։ Ասաց՝ ուրեմն 9 տանկով ենք առաջ գնում»,- ասում է Մնացականյանը։ 

Երբ շարասյունը հասել է Հադրութ քաղաքի մոտ գտնվող «9-րդ կիլոմետր» կոչվող հատված, Մնացականյանի տանկի կապի միջոցները խափանվել են։ Նա դուրս է եկել տանկից, փորձել է կանգնեցնել երկրորդ տանկը, որում առաջին վաշտի հրամանատար Արամայիս Գրիգորյանն էր, բայց չի կարողացել։ Մնացականյանը կանգնեցրել է երրորդ տանկը, նստել և շարունակել երթը, սակայն շարասյան սկզբում արդեն առաջին վաշտի հրամանատարն էր։

«Գրիգորյանին կապով ասացի, որ մտնի տանկի ներսը, որովհետեւ հրետանին կրակում էր, հնարավոր է բեկորներ կպնեին։ Ու արդեն հրաման տվեցի, որ աշտարակները միացնեն, լիցքավորեն, որովհետեւ տեղանքին ծանոթ չէի, չգիտեի, թե հակառակորդը որտեղ է, բայց մտածում էի, որ մի 2-3 կմ-ից կհասնենք հակառակորդին։ «9-րդ կիլոմետրը» արդեն մի 4-5 կմ իջել էինք, տանկս կամաց-կամաց սայթաքեց ու կողաշրջվեց։ Մեխանիկին հարցրի՝ ո՞նց է վիճակդ, ասաց՝ լավ է, բայց կուտակիչ մարտկոցները թափվել էին իր վրա։ Փորձում էինք մեխանիկին շուտ հանել։ Քանի որ ես տանկի մեջ էի, առաջին վաշտի հրամանատարին կապ տվեցի, հրամայեցի ղեկավարությունը վերցնել ձեռքը, մինչև ես տեսնեմ, թե ոնց եմ անում, ինչ եմ անում, հետո կմիանամ ձեզ»,- պատմում է Մնացականյանը։

Մեխանիկին տանկից դուրս բերելիս խնդիրներ են առաջացել։ Քանի որ աշտարակն արդեն լիցքավորված է եղել, խոփը չի բացվել։ Նրան դուրս են հանել պահեստային ելքով։

Երբ ամբողջ անձնակազմն արդեն տանկից դուրս էր եկել, Մնացականյանը հրամայել է հեռանալ տանկից 50 մետր. վտանգ կար, որ այն կարող է բռնկվել։

«Փոսից դուրս եկա, տեսա, որ մի հատ «ԿամԱԶ» է անցնում, մտածեցի, որ էլի տանկեր կամ  ՀՄՄ-ներ կգան, բայց պարզվեց, որ էդ «ԿամԱԶ»-ը վերջինն էր։ Իմ մոտ էդ պահին մենակ Motorola (ռադիոկապի տեսակ) էր ու դրանով չէի կարողանում տանկերի հետ կապ պահել, որովհետեւ տանկերը հաստիքային կապով էի ղեկավարում։ Փորձեցի Օհանյանի հետ կապի դուրս գամ, դեռ չգիտեի, որ վիրավորվել է։ Ռադիոկապով մի քանի անգամ կանչեցի «801», «802», «803» (բրիգադի հրամանատարի և տեղակալների ազդականչերը), ձայն չկար։ Փորձեցի հեռախոսով զանգել, անհասանելի էին։ Անընդհատ փորձում էի մեկին կապի հանել, և ինձ պատասխանեց մեր օպերատիվ բաժնի պետը՝ փոխգնդապետ Մանասյանը։ Ինքը տեղեկացրեց, որ Օհանյանը վիրավորվել է։ Հարցրի՝ ո՞վ է փոխարինողը, ասաց՝ երևի տեղակալներից մեկը։ Ասացի՝ դե, ինձ հետ սենց-սենց բան է պատահել, կապվեք տեղակալին, եթե հնարավոր է։ Իրանք էլ են փորձում, բայց կապ չկար»,- ասում է Գառնիկ Մնացականյանը։ 

Բրիգադի հրամանատարության հետ կապը իրականացվում էր Hitera ռադիոկապերով։ Մնացականյանի Hitera-ն դրված է եղել տանկի աշտարակի մոտի պահոցում։ Երբ տանկը կողաշրջվել է, հնարավոր չի եղել հանել ռադիոկապը։ 

Տանկի կողաշրջվելուց 40-45 րոպե հետո Մնացականյանի հետ կապ է հաստատել բրիգադի հրամանատարի տեղակալը։ Գառնիկ Մնացականյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։ Հրամանատարի տեղակալը հրահանգել է նրան մնալ տեղում և սպասել։

Մնացականյանի խոսքով՝ տանկի կողաշրջվելուց 50 րոպե անց՝ ժամը 10:00-ի մոտակայքում, նկատել է վերադարձող ՀՄՄ-ները։ Դրանց հետևից վերադարձել են նաև Մնացականյանի գումարտակի տանկերը։

«Մոտեցա գումարտակի հրամանատարին՝ Գեղամ Աբրահամյանին, ասացի ինչ է եղել, խի եք հետ եկել։ Ասաց՝ Գառնիկ, զինամթերքս վերջացել է, եկել եմ լիցքավորվելու։ Մեր տանկիստներին էլ հարցրի, թե ինչ է եղել, ասացին՝ դե, ՀՄՄ-ները եկել են, մենք էլ ենք եկել։ Նորից կապվեցի հրամանատարի տեղակալի հետ, ներկայացրի իրավիճակը։ Ասաց՝ սպասեք, հեսա ձեզ կմոտենանք»,- պատմում է փոխգնդապետ Մնացականյանը։

Մնացականյանը պնդում է, որ օպերացիային ներգրավված է եղել 35 տանկ, ոչ թե 44, ինչպես նշված է քրեական վարույթում։ Այդ տանկերից 20-ն իր գումարտակինն էին, 15-ը՝ Իվանյանի տանկային բրիգադինը։

Մնացականյանի գումարտակի տանկերից մեկը խափանվել է Ստեփանակերտից դուրս գալիս, երբ դեռ նոր էին սկսել երթը։ Տանկերից մեկը խոցվել է մարտական գործողության ընթացքում, երկուսը խափանվել են մարտի դաշտում, ևս մեկը կողաշրջվել է։ Տանկերից տասը այդպես էլ մարտի դաշտ չեն հասել։ Դրանք Տողում լիցքավորվելուց հետո շարժվել են «9-րդ կիլոմետր» և այնտեղից ճանապարհը չեն շարունակել, քանի որ չեն իմացել ճանապարհը։

Իվանյանի տանկային բրիգադի բոլոր 15 տանկերը տարբեր պատճառներով մնացել են մարտի դաշտում։

Ձախողման պատճառները

Գառնիկ Մնացականյանի կարծիքով՝ հոկտեմբերի 7-ին օպերացիան այլ ելք կունենար, եթե ամեն ինչ լիներ ճիշտ կազմակերպված և կանոնադրությանը համապատասխան։ 

«Եթե մենք երթն անեինք մի օր առաջ, ինչ-որ մոտ տարածքում տեղաբաշխման շրջան տային մեզ, մեր տեխնիկան սպասարկեինք, անձնակազմի հետ նորից զրուցեինք, կազմակերպչական հարցեր քննարկեինք, քարտեզներ ունենայինք, խաղաղ ժամանակ մինչև դասակի հրամանատար քարտեզ էինք ունենում, բայց մարտական գործողությունների ժամանակ գումարտակի հրամանատարը քարտեզ չուներ, իմ կարծիքով՝ լավ արդյունք կունենայինք, և միգուցե իրավիճակը այլ կերպ կլիներ»,- կարծում է Մնացականյանը:

Նա ասում է, որ տանկային ստորաբաժանման ելման շրջանը պետք է գտնվի մարտական առաջադրանքի կատարման վայրից 5-7 կմ հեռավորության վրա։ Մինչդեռ իր ստորաբաժանումը մեկ գիշերում 120 կմ է անցել՝ գործողության կատարման վայր հասնելու համար։

«120 կմ երթ կատարես ու միանգամից լիցքավորվես, մտնես մարտական գործողությունների մեջ, էն էլ էն դեպքում, երբ անձնակազմը սաղ գիշեր քշում է։ Պատկերացրեք, երեկոյան 22:30-ին դուրս գաս ու առավոտը 7-ին մարտի մեջ մտնես, մի քիչ գործին մոտ չի, էլի։ Պլանավորումը ճիշտ չի եղել, իմ կարծիքով, ես դա որպես զինվորական եմ ասում։ Ամեն ինչ կարելի էր նախապես մտածել»,- ասում է Գառնիկ Մնացականյանը։ 

Գլխավոր դատախազությունը Գառնիկ Մնացականյանին մեղադրում է նրանում, որ տանկի կողաշրջվելուց հետո, անվնաս դուրս գալով տանկից, ենթակա անձնակազմին՝ մեխանիկ-վարորդին և նշանառու-օպերատորին, տեղափոխել է հարակից տարածքում տեղակայված հետևակի մոտ, իսկ ինքը, տանկի կողաշրջման առիթն օգտագործելով, հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ մնացել է տեղանքում, որևէ միջոց չի ձեռնարկել խափանված ղեկավարումը վերականգնելու և ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու համար։

Մնացականյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Իմ մոտ չկար ո՛չ տեխնիկա, ո՛չ ավտոմեքենա, որ նստեի, առաջ գնայի։ Մի հատ ձի չկար նույնիսկ, ոտքով ես ո՞ւր գնայի։ Դա անհիմն մեղադրանք է։ Եթե խուսափող լինեի, 3 տանկ եմ փոխել, կմնայի առաջին տանկի մոտ, կասեի՝ տանկս փչացել է, կմնայի հենց ճանապարհին»,- ասում է Մնացականյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter