HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊՎԾ-ն դատարանից ժամանակ խնդրեց հայցի հիմքերը հստակեցնելու համար

Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, կայացավ Պետական վերահսկողական ծառայությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի գործով դատական առաջին նիստը։

Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին և Սուսաննա Մուրադյանին դատի է տվել «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերնագրով հրապարակված հոդվածի համար։ ՊՎԾ-ն պատասխանող կողմերից պահանջում է հերքում հրապարակել և յուրաքանչյուրից 2 մլն դրամ փոխհատուցում։

Քանի որ հայցադիմումը հստակ շարադրված չէր, դատարանը պահանջեց հայցը հստակեցնել և ներկայացնել, թե պատասխանող կողմերից յուրաքանչյուրին ինչ է վերագրվում, և ինչ պահանջներ ունեն նրանցից։

ՊՎԾ ներկայացուցիչ Սյուզաննա Ամզարյանը նախ ասաց, որ ամբողջ նյութն են համարում զրպարտություն՝ նշելով, սակայն, որ որպես զրպարտություն չեն դիտարկում հոդվածում տեղ գտած բոլոր բառերն ու արտահայտությունները։

Թեև հայցվոր կողմի ներկայացուցիչը ամբողջ հոդվածն էր համարում զրպատություն, ի վերջո նշեց երեք կետ, որոնք, ըստ իրենց, զրպարտող են։ Առաջինը վերաբերում էր հոդվածի վերնագրին, երկրորդով շեշտվում էր այն հատվածը, ըստ որի ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Որպես երրորդ կետ՝ ՊՎԾ ներկայացուցիչը զրպարտանք է համարում այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեով հաստատվել է ուսումնասիրության թերի լինելու հանգամանքը։

Հայցվող կողմի ներկայացուցչի կարծիքով՝ «Հետք»-ի հոդվածը գրվել է Սուսաննա Մուրադյանի հետ, և հոդվածի վերնագիրը նույնպես Սուսաննա Մուրադյանի հետ է որոշվել։ Հետևաբար, հայցվոր կողմը չէր տարանջատում, թե որ հատվածը ով պետք է ապացուցի։ Նշված տվյալները պատասխանողները հերքեցին։

Ի վերջո, ՊՎԾ ներկայացուցիչը դատարանից ժամանակ խնդրեց հայցի հիմքն ու առարկան հստակեցնելու համար։

Նշենք, որ հայցադիմումին կից ՊՎԾ-ն ներկայացրել էր նաև «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի գույքի վրա յուրաքանչյուրի մասով 2 մլն դրամի չափով արգելանք կիրառելու միջնորդություն, որը դատարանը չի բավարարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter