HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ռուբեն Վարդանյանի գործքը քննող դատարանը հերթական անգամ մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը

Մայիսի 20-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

Դատաքննության ընթացքում Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ բացարկ հայտնելով գործը քննող դատավորների կազմին։ Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է առարկությունը։ Նշենք, որ դատավարության ընթացքում նման միջնորդություն Ռուբեն Վարդանյանն ու իր փաստաբանը արդեն մի քանի անգամ ներկայացրել են դատարանին, սակայն այդ բոլոր միջնորդությունները կամ մերժվել են, կամ թողնվել են առանց քննության։

Այս անգամ ևս դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, թե իբր «պաշտպանության կողմը, համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, չի ներկայացրել որևէ կոնկրետ և հուսալի ապացույց, որ գործը քննող դատարանի կազմը շահագրգռված է Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդմամբ»։

Հետագայում դատարանը լսել է գործով «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։ Դատարանը ներկայացրել է նաև «տուժողների» վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հաջորդ ​​նիստը նշանակվել է մայիսի 27-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter