
Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ
Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Նրանք ավելի վաղ հայտնել էին, որ որպես վարչապետի թեկնածու առաջադրում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Մարուքյանը նույնպես ստորագրեց՝ իր համաձայնությունը տալով, որ խորհրդարանի մեկ երրորդը կարողանա իրեն առաջադրել վարչապետի թեկնածու։
Անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո կարճ ելույթով հանդես եկավ Հակոբ Ասլանյանը։ Նա գործընթացը պատմական որակեց։
«Սա մեր նոր պատմության առաջին դեպքն է, որ ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան մենք նախաձեռնում ենք մի գործ, որը ամբողջությամբ ծառայելու է մեր պետության ու պետականության նորովի զարգացումներին։
Ասլանյանը նաև հավելեց, որ հիմա գնդակը ընդդիմության դաշտում է, և եթե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը, ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, կարող են ստորագրել իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնության տակ։
Իսկ Հովիկ Աղազարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին՝ իրենց առաջարկն ընդունելու համար։
«Մենք շատ կարևոր և վճռական ընտրություն ենք կատարել՝ ի դեմս Ձեզ։ Դա հեշտ չի եղել։ Մենք ունեցել ենք յոթ թեկնածու՝ մեկը մեր կուսակցության վարչության երիտասարդ անդամ Լյովա Մխիթարյանն էր, մյուսը՝ ես։ Եվս հինգը նույնպես մեր կուսակցությունից էր։ Վարչությունը, քննարկելով և հաշվի առնելով ձեր անցած ճանապարհը, պետականությանը ձեր ներդրումը, միաձայն որոշեց կանգնել ձեր թեկնածության վրա»,- ասաց Աղազարյանը։
Էդմոն Մարուքյանը կրկնեց Ասլանյանի միտքը՝ նշելով, որ իրենք այլևս անելիք չունեն, և հերթը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։
«Եթե այս պրոցեսը տապալվի, իսկ սա կարող են տապալել միայն ընդդիմադիրները, իմացեք՝ Հայաստանի զինանշանը գնում է փոփոխության։ Հայաստանի Հանրապետությունը վերածվելու է, գնում է այն ճանապարհով, որ դառնա «Արևմտյան Ադրբեջան»»,- հավելեց Մարուքյանը։
Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթվա վերջին։ Մայիսի 16-ին Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ «ՄԱՍԿ» կուսակցությունը լիազորել է իրենց սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրել Էդմոն Մարուքյանին։
Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին այսօր անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա գործընթացն անիրատեսական անվանեց։
«Ես ավելի պրագմատիկ մարդ եմ և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ»,- ասաց Քոչարյանը։
Ավելի վաղ, սակայն, «Հայաստան» խմբակցությունը տարածել էր հայտարարություն, որում վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե այդ գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորների ստորագրությունները։
Այդ հայտարարությունը տարածվել էր մայսիս 2-ին, երբ դեռ Էդմոն Մարուքյանը չէր առաջադրվել վարչապետի թեկնածու և Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը չէին հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի արձագանքել Մարուքյանի առաջադրման լուրին և չի հայտարարել՝ կմիանա իմպիչմենտի գործընթացին, թե ոչ։ Բայց ավելի վաղ՝ մայիսի 6-ին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստ են, առանց նախապայմանների, քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել