
Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:
«Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մայիսի 7-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։
Ընդգծելով, որ միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը շարունակական քաղաքականություն է` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է. «Հայաստանի մարզաշխարհի, մասնավորապես՝ կարատեի պատմության մեջ պատմական պահ է. Եվրոպայի 60-րդ առաջնությանը 54 երկրից հյուրընկալելու ենք ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Սա պարտավորեցնող իրադարձություն է մեր երկրի համար, և ՀՀ կառավարությունը ջանքեր չի խնայում լավագույնս ներկայանալու և առաջնությունը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով»:
Նա առանձնակի ընդգծել է, որ Հայաստանում միջազգային առաջնությունների անցկացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություններից և Սպորտի ռազմավարության թիրախներից է:
«Այս քաղաքականության նպատակն է հնարավորինս նպաստել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ առաջնությանը մասնակցող բոլոր մարզիկներին մաղթելով տեսարժան մրցելույթներ:
Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը ևս շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանը, որի անմիջական աջակցությամբ են կյանքի կոչվում առաջնության կազմակերպման աշխատանքները:
«Կարատեն համընդհանուր սպորտաձև է, և ամեն անգամ այն հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ նպաստ կարող է բերել տվյալ երկրի սպորտային կյանքի զարգացմանը: Վստահ եմ՝ մարզասերները կվայելեն Հայաստանում անցկացվող այս մրցաշարը»,- ասել է նա:
Կարևորելով մայիսի 7-11-ն անցկացվող առաջնության ընթացքը` բանախոսները շեշտել են նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թ. Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը, ինչն առավել կնպաստի Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը:
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս ողջունել է ներկաներին և հաջողություն մաղթել մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ այսօր անցկացվելու Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը, որի ընթացքում ընտրվելու է նոր ղեկավար կազմը:
Բանախոսները ազնիվ պայքար և արդար հաղթանակ են մաղթել առաջնության բոլոր մասնակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել