HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Հանրային միջոցները՝ առանց վերահսկողության. ինչպես են համայնքապետերը պայմանագրեր կնքում իրենց փոխկապակցված անձանց հետ

Հայաստանի գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս համայնքապետերին, առանց իրավական խոչընդոտների, պայմանագրեր կնքել իրենց հարազատներին պատկանող ընկերությունների հետ։ Թեպետ նման իրավիճակներն ակնհայտ շահերի բախման օրինակներ են՝ օրենքը դրանք համարժեք չի կարգավորում։

2022-2024 թվականներին Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը 156 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբորը պատկանող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ «Հետքի» հրապարակումից հետո Միքայելյանը տուգանվել է, սակայն 2025-ին՝ հայտարարելով շահերի բախման մասին, կնքել է ևս մեկ՝ 54 մլն դրամի պայմանագիր և խուսափել պատասխանատվությունից։

2021 թվականին Կապանի համայնքապետարանը սեղմված բնական գազի մատակարարման նպատակով պայմանագիր է կնքել «Գրիգ-Բիզնես» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 4.5 միլիոն դրամ, սակայն ընկերությանը փաստացի վճարվել է 3.9 միլիոն դրամ։ Ընկերության սեփականատերը Գրիգորի Փարսյանն է՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի եղբայրը։

Հաջորդ տարիներին նույնպես սեղմված բնական գազի մատակարարընույն ընկերությունն է եղել։ 2022-ին համայնքապետարանը «Գրիգ-բիզնեսին» վճարել է ընդհանուր 6.4 մլն դրամ, 2023-ին՝ 6.3 մլն դրամ, 2024-ին՝ 5.5 մլն դրամ։

2025 թվականին Կապանի համայնքապետարանը «Գրիգ-Բիզնես»-ի հետ կնքել է ևս մեկ՝ 7.5 մլն դրամի պայմանագիր, որի վճարումը դեռևս չի կատարվել։

Այսպիսով, 2021-2025 թվականների ընթացքում համայնքապետարանը շուրջ 30 մլն դրամի սեղմված գազ է գնել, որից 29.7 մլն դրամը վճարվել է համայնքապետի եղբորը պատկանող ընկերությանը։

«Գնումների մասին» օրենքը չի կարգավորում նման դեպքերը։ Օրենքը շահերի բախման սահմանափակումներ նախատեսում է միայն գնահատող հանձնաժողովների անդամների համար։ 

Մյուս կողմից՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածը պարտավորեցնում է պաշտոնատար անձանց խուսափել այնպիսի գործողություններից կամ որոշումների ընդունումից, որոնք կարող են հանգեցնել շահերի բախման։

Սակայն օրենքը նման դեպքերի համար նախատեսում է միայն վարչական պատասխանատվություն։ Եթե պաշտոնյան, մինչև պայմանագրի կնքումը, տեղեկացնում է իր վերադասին (կամ վերադաս չունենալու դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին), ապա կարող է ազատվել պատասխանատվությունից։ Հակառակ դեպքում սպառնում է մինչև 300 հազար դրամի տուգանք, ինչը գործնականում թույլ է տալիս շրջանցել պատասխանատվությունը՝ «օրինական ճանապարհով»։

Իսկ այսպիսի օրինակները բազմաթիվ են։

Թալինում համայնքապետ Տավրոս Սափեյանը 2023թ․-ին կնքել է երկու պայմանագիր «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի հետ՝ ընդհանուր 15.7 մլն դրամի։ Ընկերության բաժնետերերը համայնքապետի հայրը և հորեղբայրն են։ Տուգանվելուց հետո՝ 2024-ին, նա նորից պայմանագիր է կնքել՝ այս անգամ 6.6 մլն դրամի։

2024-ի փետրվարին «Ազատությունը» գրեց, որ Վաղարշապատի համայնքապետ Դիաննա Գասպարյանը պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, որի շրջանակում վերջինս համայնքին պետք է մատակարարի 13.6 մլն դրամի սեղմված բնական գազ։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները վերջին տարիներին խոսում են «Գնումների մասին» օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Նախատեսվում է հստակ սահմանել, թե ովքեր են պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք, ինչպես նաև արգելել նրանց հետ պայմանագրերի կնքումը։

Սակայն, մինչ նոր օրենսդրության ընդունումը, գործող օրենքը թույլ է տալիս համայնքապետերին և այլ պաշտոնյաներին պայմանագրեր կնքել իրենց ընտանիքի անդամներին կամ հարազատներին պատկանող ընկերությունների հետ՝ առանց էական իրավական հետևանքների։ Գործող կարգավորումները, չպաշտպանելով հանրային շահը, փաստացի օրինականացնում են շահերի բախումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter