
Բարդություններ՝ աշակերտների համար հանրային տրանսպորտի տոմս ձեռք բերելիս
«Հետքի» խմբագրություն է դիմել ընթերցող Արև Սիմոնյանն ու պատմել, որ դպրոցահասակ դստեր համար փորձել են ավտոբուսի ուղետոմսի արտոնյալ փաթեթ գնել, բայց բարդությունների են բախվել։
Փետրվարի 2-ին Արևի ամուսինը՝ Արսեն Ավետյանը, դստեր սոցիալական ապահովության քարտով մոտեցել է «Թել-Սել» ընկերության Մաշտոցի 5 հասցեի սպասարկան կետ և խնդրել նույնականացում անել՝ դստեր համար հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փաթեթ ձեռք բերելու համար։
Արսենին ասել են, որ նույնականացումը պետք է կատարի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ)։ Արսենը, որ երկար սպասել էր իր հերթին, ասել է, որ չի կարող գնալ ՔԿԱԳ։ Ամուսիններն ամեն օր առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 18:00-ն աշխատանքի են, ՔԿԱԳ գնալու ժամանակ չունեն։
«Ամուսնուս ասել են, որ պետք է պարտադիր ԶԱԳՍ-ից նույնականացում լինի, բայց զարմանալի է՝ երեխայի հանրային ծառայությունների համարանիշը մուտքագրելուց հետո ցույց է տալիս, որ Մարին Արսեն Ավետյանի դուստրն է, ի՞նչ կարիք կա լրացուցիչ քաշքշուկների մեջ ընկնելու։ Որոշել էինք հետևել նոր փոփոխությանը։ Բայց այդ փոփոխությունն, ինչպես հասկանում ենք, լրիվ մշակված չէ, շատ բացեր կան, կարելի է ուղղակի քաղաքացիների ժամանակը խնայելու համար հեշտացնել տրանսպորտային փաթեթ գնելու գործընթացն ու այդ ամենը կազմակերպել օնլայն՝ անձնական տվյալներով նույնականացվելու դեպքում»,- ասում է Արև Սիմոնյանը։
Իր խոսքով՝ ամուսնուն ասել են, որ ինքը նույնպես պետք է ձեռք բերի «Թել-Սել» ընկերության ֆիզիկական քարտ, քանի որ դուստրն անչափահաս է։ Արսենը հարցրել է, թե ինչու՞ պետք է քարտ ձեռք բերի, եթե հավելվածից օգտվում է օնլայն։ Մասնաճյուղի աշխատակիցն ասել է, թե կարգն այդպես է։
«Զուտ բարդացնում են արտոնությունից օգտվելու կարգը, մեր երեխան մեկն է, իսկ այն ծնողները, որոնք ունեն 2 կամ 3 երեխա, ամեն մեկի համար պետք է առանձին ֆիզիկական քարտ ձեռք բերեն, յուրաքանչյուրի համար վճարեն 500 դրամ, դրան գումարած՝ ծնողը նույնպես պետք է քարտ գնի, բացի այդ՝ պետք է նույնականացում անցնի ԶԱԳՍ-ում, դրա իմաստը ո՞րն է, եթե առկա է հոր անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը, պարզ է, չէ՞, որ այդ ազգանվամբ ու հայրանունով երեխան այդ նույն տղամարդունն է»,- ասում է Արև Սիմոնյանը։
«Հետքը» պարզաբանման համար դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից մեզ ուղղորդեցին դիմել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ։ Կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը «Հետքին» հայտնեց, թե միայն որոշ դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վկայականը թվայնացված չէ, նույնականացման համար կարող է լրացուցիչ ջանք պահանջվել։ Այն դեպքում, երբ ծննդյան վկայականը թվայնացված է, հավելյալ նույնականացման անհրաժեշտություն չկա։ Սա, Մանուկյանի բնորոշմամբ, համակարգի թերություններից է։
Ըստ Մանուկյանի, նույնականացման գործընթացը հնարավորություն կտա նաև խուսափել զեղծարարությունից, ոչ ոք չի կարող իր հետ կապ չունեցող երեխայի կամ թոշակառուի տվյալներ բերել ու ասել, որ իր հարազատն է։
«Էս գործողությունը նախկինում միշտ տեղի է ունեցել թղթաբանական եղանակով, գերատեսչություններից տարբեր թղթեր են հավաքել, բերել արխիվացրել են, մի քիչ ավելի զարգացած՝ 2000-ականներին սկանավորել են, պահել և այդ պահի օպերատորն ինքն է որոշում կայացրել՝ էդ թղթերը ճշգրի՞տ են, թե՞ չէ։ Ժամանակները փոխվել են, մեր երկրի IT միջավայրն էլ հնարավորություններ է ստեղծել, որ մենք կարողանանք մարդկանց հավելյալ չքաշքշել և շատ ավելի մատչելի այդ արտոնությունը ստուգել և տրամադրել։ Ստեղծել ենք մի հարթակ, միջավայր, ունենք 10 տեսակի արտոնյալ խմբեր։ Ընդամենը սոցքարտի տվյալներն ունենալով՝ մենք հարցում ենք անում համապատասխան գերատեսչություններ՝ կլինի Սոցապը, Զինապահը կամ մյուս տեղերը, որտեղ պահպանվում է տեղեկատվություն կոնկրետ մարդու կարգավիճակի մասին։ Հարցումների պատասխանները ստանալով, եթե դրական է, ստանում է արտոնություն, եթե բացասական է, չենք տրամադրում։ Այստեղ համակարգը որոշում կայացնողը չի, որոշում կայացնողը համապատասխան գերատեսչություններն են, համակարգն այդ տվյալների փոխանցման տրանսպորտն է»,- ասաց Մանուկյանը։
Համակարգի թերությունների մասին խոսելիս Սարգիս Մանուկյանն ընդգծեց, որ վերջին 20 տարում տարբեր գերատեսչություններում հավաքագրված տեղեկությունները որոշ դեպքերում լիարժեք չեն, բացակայում են կամ սխալ են։ Այս գործիքը՝ հավելյալ նույնականացումը, օգնում է բազաներում առկա անճշտությունները պարզել և շտկել։
Ամենահաճախ հանդիպող բացը ծննդյան վկայականի չթվայնացված լինելն է։ Օրինակ՝ թոշակառուների դեպքում բազաներն ավելի ճշգրիտ տեղեկատվություն են պարունակում։ Բայց բազմազավակ ծնողներին կամ երեխային արտոնություն տալու համար համակարգը պետք է ստուգի՝ արդյոք այդ երեխան և ծնողն իրար հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։
«Այսինքն՝ էնպես չստացվի, որ ինչ-որ մեկը մի պատահական երեխայի ծննդյան վկայական բերի, ասի՝ սա իմ երեխան է, արտոնություն տվեք, ինքն էլ այդ արտոնյալ փաթեթը վերցնի, տանի տա մի ուրիշ երեխայի։ Քանի որ մինչև 2012 թվականի վկայականներն են մեծամասամբ թվայնացված, դրանից ներքև դիմողների վկայականները բազան չի ճանաչում, քանի որ թվայնացված չեն։ Այս դեպքում քաղաքացիները պետք է մոտենան վարչական շրջան և մոտակա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոն»,- նշեց նա։
Ուսանողներին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենն ասաց, որ այս հարցը 95%-ով կարգավորված է։ Հատուկենտ դեպքերում, երբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հարթակում բուհը ուսանողների տվյալները մուտքագրած չի լինում, եւ ուսանողը դիմում է արտոնության համար, իրենք ԿՏԱԿ բազային հարցում են անում։ Եթե տվյալը բացակայում է, հորդորում են գնալ բուհի ռեկտորատ և խնդրել մուտքագրել տվյալները։
Մանուկյանի խոսքով՝ որոշ բացթողումներ կան, որոնք անհատական լուծում են ստանում։
Նա ցրում է քաղաքացիների այն մտահոգությունը, թե նույնականացման միջոցով հավաքում եւ պահպանում են մարդկանց անձնագրային տվյալները։
Մեկնաբանել