
Ուղեբեռների զննման նոր սարքավորումներ են պետք
ՏԿԵ նախարարությունն ու Քաղաքացիական ավիացիոն կոմիտեն Կառավարության 2004 թվականի որոշումներից մեկի փոփոխման նախագիծ էին բերել փետրվարի 6-ի նիստին։
Փոփոխությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր՝ 12-րդ խմբագրությամբ սահմանված պայմանների ներդրմամբ։
Գերատեսչությունները նախատեսում են ՀՀ օդանավակայաններում ուղեբեռների արագ և որակյալ սպասարկման, անվտանգության աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական գործընթացներ։
Ներկայում ուղեբեռների զննման «Rapiscan MVXR 5000» սարքավորումը հնարավորություն է տալիս 70%-ով ապահովել ավիացիոն անվտանգության անհրաժեշտ պահանջները, իսկ 30%-ն ապահովում է ուղեբեռների կրկնակի զննման և դիտողական զննման ընթացակարգերի միջոցով։
Ըստ նախագծի՝ 2022-2023 թվականների ընթացքում, ուղևորափոխադրումների աճի հետ կապված, նոր տեխնոլոգիաների անհրաժեշտություն է առաջացել։
Ըստ գերատեսչությունների՝ մուտքի հսկողության բիոմետրիկական սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղբեռների զննման նոր սերնդի սարքավորման անհրաժեշտություն է առաջանում։
Նախատեսում են, որ այն կապահովի ուղեբեռների 98%-ի զննում, իսկ 2%-ի զննումը կիրականացվի առանձին սարքավորմամբ և դիտողական զննման միջոցով։ Ըստ գերատեսչությնունների՝ այն հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղեբեռների արագ զննման ընթացակարգեր և լիարժեք կպահպանի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության սահմանած չափորոշիչները։
Լուսանկարը՝ «Հետքի»
Մեկնաբանել