
Տրանսպորտի և կարմիր գծերի որոշման կասեցում. «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած ավագանու արտահերթ նիստը չկայացավ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հունվարի 21-ին, ավագանու արտահերթ նիստ էր նախաձեռնել։ Օրակարգում երկու հարց էր. առաջինով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր կասեցնել կարմիր գծերի վերաբերյալ ավագանու որոշումը, իսկ մյուսով՝ տրանսպորտի թանկացման որոշումը։
Նիստը չկայացավ, քանի որ ներկա էր ավագանու միայն 27 անդամ, քվորում չապահովվեց։
Ինչ էր առաջարկում «Մայր Հայաստան» խմբակցությունը
Ավագանու նիստի օրակարգի առաջին հարցով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր կասեցնել կարմիր գծերի վերաբերյալ դրույքաչափերի սահմանման ավագանու որոշումը մինչև դատավարության ավարտը և դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Նշենք, որ Երևանի ավագանին դեկտեմբերի 24-ին ընդունեց որոշում, որով կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը կրկին սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ:
Չնայած դրան՝ 2024թ. դեկտեմբերի 19-ին Վարչական դատարանը անվավեր էր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել էր՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չէ:
«Մայր Հայաստան» խմբակցությունը ավագանու որոշման նախագծի հիմնավորման մեջ հայտնել էր, որ դատարանը կարմիր գծերի մասին որոշումը անվավեր ճանաչելու պահանջը բավարարել է և նշել, որ տեղական դրույքաչափերը պետք է սահմանվեն՝ բացառապես հիմք ընդունելով մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերի չափով համապատասխան փոխհատուցում ստանալու հանգամանքը, այլ ոչ թե Երևանի կենտրոնի բեռնաթափումը։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ընդդիմադիր ավագանու խմբակցությունն առաջարկում էր կասեցնել առկա դրույքաչափերի գործողությունները՝ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ավագանու որոշման երկրորդ նախագծով «Մայր Հայաստանն» առաջարկում էր կասեցնել երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու ավագանու մարտի 12-ի որոշումը։
Ըստ «Մայր Հայաստան» խմբակցության որոշման նախագծի՝ անհրաժեշտ ստորագրություններից ավել քանակով ձևաթղթերը հանձնվել են Երևանի քաղաքապետարանին, որը, կանոնակարգի համաձայն, պետք է քննարկվի և քվեարկվի ավագանու նիստում։
Ընդդիմադիր խմբակցությունը նշել էր, որ հնարավոր է՝ մարդիկ ձեռք բերեն տրանսպորտի փաթեթները, սակայն եթե այս նախագիծն ընդունվի, այդ փաթեթները կիրառական չեն լինի, և մարդիկ զգալի վնասներ կկրնեն։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ «Մայր Հայաստանն» առաջարկում էր կասեցնել նաև տրանսպորտի թանկացման մասին որոշումը։
Մեկնաբանել