HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Մեկնարկում է Բաքվում պահվող Արցախի ռազմական և քաղաքական գործիչների դատաքննությունը

Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկում է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական APA պետական գործակալությունը գրում է, որ 2548 դրվագով հավաքագրված ապացույցների հիման վրա՝ գործով մեղադրյալներ են ներգրավված «ՀՀ զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների և ապօրինի զինված կազմավորումների մեջ մեղադրվող» 15 անձինք՝ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Վերոնշյալ անձանց գործը քննվում է մեկ վարույթում, իսկ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Այսօր՝ ժամը 15։00-ին, սկսվում է նաև Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Այդ գործը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ։

Ռուբեն Վարդանյանին առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Երեկ Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ 

Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։

Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքների թվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածները՝ 100 (ագրեսիվ պատերազմ ծրագրել և վարել), 107 (բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում), 109 (հալածանք), 112 (ազատազրկում միջազգային իրավունքի խախտումով), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների կամ սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 ( հանցավոր համայնքի (կազմակերպության) ստեղծում), 228 (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (ավիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգներ), 278 (Իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանի ապօրինի հատում) և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ։

Նշենք, որ դատավարության մեկնարկի կապակցությամբ Հայաստանում այսօր տեղի են ունենալու ակցիաներ, այդ թվում՝ ժամը 11:30-ին արցախյան մի խումբ կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ԱԳՆ դիմաց, ինչպես նաև «Միասին» շարժման կողմից ժամը 14:00-ին՝ ՀՀ կառավարության դիմաց:

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter