
Կառավարության որոշման մասին՝ սեփական փորձով
Ես Սիմոնն եմ, զորացրվել եմ մոտ մեկուկես տարի առաջ։ Մինչև ծառայության անցնելը երկար տարիներ ունեցել եմ պոչուկի էպիթելային հյուսվածքների շեղում, ժողովրդական լեզվով ասած՝ կիստա։ Չէր խանգարում, բժշկի չէի դիմում։ Մի քանի անգամ տարբեր ռազմաբժշկական հանձնաժողովներում հետազոտություններ եմ անցել, այդ խնդիրը չի բացահայտվել։
Երբ արդեն օրեր էին մնացել ծառայության մեկնելուն, բորբոքում սկսվեց, հերթական ստուգումը ռազմաբժշկական հանձնաժողովում առջևում էր, դիմեցի, նախատեցին, որ շուտ չեմ ասել այդ մասին։ Երբեք խնդրահարույց չէի համարում ու չէի ասում՝ ողնաշարիս վրա ինչ-որ բշտիկ կա։Բորբոքումից հետո չէի կարողանում քայլել, նստել, «կոմիսիայից» միանգամից ուղարկեցին վիրահատության։ Բժշկական կենտրոնում վերցրին ուղեգիրն ու նույն օրը վիրահատեցին։ Դուրս գրումից հետո նորից գնացի «կոմիսիա» անցնելու, այդ անգամ՝ գլխավոր «կոմիսիա»։ Բժիշկը վերքը նայեց, ասաց՝ գնա, մյուս տարի կգաս։ Բոլոր թղթերս մանրամասն դրվեցին թղթապանակի մեջ։
Այսօր կառավարությունում քննարկում էին քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումներն այդ հարթակով անելու հարցը։ Խոսքը, մասնավորապես, կառավարության 2018 թվականի որոշմամբ սահմանված զինվորական հաշվառման, զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության անցման, պահեստազորում հաշվառման շրջանակներում քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ուղեգրման կարգերի և այլնի մասին էր։ Որոշման 2023 թվականի խմբագրմամբ այդ գործընթացը կարող էր իրականացվել նաև ԱՐՄԵԴ հարթակում։
Այսինքն՝ վերևում ներկայացված թղթերի իմ տրցակը նույնպես պիտի թվայնացվեր, եթե հիմա լիներ։
ՊՆ հիմնավորմամբ, գործընթացը նախատեսում են իրականացնել բացառապես էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ասում է` եթե համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, թվային հարթակի անվտանգությունը հնարավոր է ապահովել, կառավարությունը մի քանի կայքերի հարցում այդ փորձն ունի, ստացվում է։
Նախարարության հիմնավորման մեջ նշում են նաև, որ եթե բժշկական հաստատությունը սահմանված ձևով չմուտքագրի տվյալները, մատուցված բժշկական օգնության և սպասարկման դիմաց համապատասխան փոխհատուցում չի հատկացվի:
Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները՝ ռազմաբժշկական և քաղաքացիական բժշկական հաստատություններում գտնվող ռազմաբժշկական փորձաքննության ենթակա անձանց հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքի ուսումնասիրման մասին ինֆորմացիա ստանալու ուղղությամբ։
Ըստ կառավարության՝ որոշման նախագծով կարգավորվում է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու հարցը, ինչպես նաև հստակեցվում են Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է, որ այս գործընթացը կարող է բացառել կրկնակի հետազոտությունները։ Ըստ նրա՝ ընթացիկ զորակոչի ընթացքում 1800-ից ավելի զորակոչիկ կրկնակի փորձաքննության է ուղարկվել։ Պապիկյանը, հղում անելով փորձագետների, նշեց, որ թիվն 90%-ով կնվազի, եթե թվային հարթակ լինի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը «կարճ ձևակերպեց»․ «․․․ մենք գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս, ․․․ մենք հնարավորություն ունենանք նայել՝ էդ ո՞նց եղավ՝ երեխան ամբողջ կյանքում առողջ ա եղել, մեկ էլ տասնութ տարին լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվել»։
Իսկ ես իմ զորակոչի հաջորդ տարում էլ գնացի փորձաքննության, զինվորական բժիշկը զննեց արդեն ապաքինված սպին, թղթերս, որոնք նոր որոշմամբ պիտի օնլայն հարթակում լինեին և նոր ուղեգիր տվեց՝ կրկնակի հետազոտության համար։
Գնացի վիրահատող բժշկի մոտ, զարմացավ թուղթը տեսնելիս։ Հարցրեց գանգատներիս մասին, ասացի՝ չունեմ։ Ասաց՝ բա ինչի՞ են գրել, որ մոտդ կրկնվել է։ Ստուգեց, գրեց, որ ամեն ինչ նորմալ է, ճանապարհեց։ Ստացվեց, որ կրկնակի հետազոտություն եմ անցել։ Երևի թե Կառավարության այսօրվա նիստում Ս. Պապիկյանի նշած 10%-ի մեջ կմտնեի, եթե հիմա լիներ։ Իսկ ինչո՞վ կօգներ, եթե թղթերս թվային հարթակում լինեին։ Գուցե 18 տարին լրանալուց երկու ամիս անց կիստան չբորբոքվե՞ր։
Իմ խնդրի՝ վերջին պահին ի հայտ գալն ու կրկնակի ստուգումը հնարավոր չէր լինի բացառել անգամ էլեկտրոնայյին հարթակի առկայության դեպքում։ Չի բացառվում, որ նման դեպքերը շատ են։ Էլեկտրոնային հարթակը, գուցե, լավ է, բայց վարչապետի և նախարարի մատնանշած խնդիրներից խուսափել չի ստացվի։
Լուսանկարում՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը/primeminister.am
Մեկնաբանել