HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով արտահանող որոշ ընկերություններ վնասներ են կրում

Կառավարությունը 2019 թվականին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր էր մշակել։ Դրա շրջանակներում խաղողի մթերման նպատակով 2022 թվականին հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։ 

Ըստ կառավարության՝ վերջին շրջանում ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերով վճարվող տնտեսվարողները վնասներ են կրում, դժվարանում են սպասարկել վարկերը։ Ինչպես նաև՝ խնդիրներ են առաջացնում եղանակային վատ պայմանների պատճառով Լարսի փակ լինելն ու կոնյակ արտահանող մեքենաների՝ հատուկ պահպանվող տարածքում փորձաքննության համար երկար սպասելը։

Արտահանողները գործադիրին ասել են, որ լրացուցիչ փորձաքննության է ենթարկվում արտահանվող ընդհանուր քանակության մինչև 12 տոկոսը, իսկ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշումները կայացվում են 30-60 օրվա ընթացքում։ Այս դեպքերում կրում են լրացուցիչ վնասներ՝ 1 օրվա կտրվածքով 50-200 ԱՄՆ դոլար վճարվում են բեռնափոխադրող կազմակերպությանը և 1000 ՌԴ ռուբլի՝ հատուկ պահպանվող տարածքի համար։ Բացի այդ, չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումը ՌԴ-ի առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խմբաքանակի արժեքի շուրջ 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու հնարավորությունից։ Այդպիսի դեպքերը կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսվարողների հետ մատակարարման պայմանագրեր կնքելուց, որն ազդում է նաև կոնյակի արտահանման ծավալների վրա։

Նոր նախագծով առաջարկվում է լրացնել կառավարության 2019 թվականի որոշումը։ Խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրված վարկերի մարման ժամկետները, ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ, կարող են մինչև 6 ամսով երկարաձգվել։ Պայմանով, որ դրա դեպքում 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվի։

Բոլոր շահառուների օգտվելու դեպքում, ըստ կառավարության հաշվարկների, 2025-2027 թվականներին կարող է առաջանալ շուրջ 255.5 մլն դրամի լրացուցիչ սուբսիդավորման գումար, որից շուրջ 54.9 մլն դրամ՝ 2025 թվականին, 180.3 մլն դրամ՝ 2026 թվականին և 20.3 մլն դրամ՝ 2027 թվականին։ 

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ծրագրի 2025, 2026 և 2027 թվականների բյուջեն հաշվարկվել է 2022 և 2023 թվականների ծախսի փաստացի միջին չափի՝ 19․58 մլրդ դրամի հիման վրա, իսկ 2024 թվականին ծրագրի փաստացի ծախսը կազմել է շուրջ 16 մլրդ դրամ։ Այդպիսով, պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման կարիք չի առաջանա։

Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter