HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2024-ին իսրայելական ավիաբազայից ադրբեջանական բեռնատարների թռիչքները քանակով զիջում են միայն 2020-ի ցուցանիշին  

Հայաստանի ռազմական ներկրումներից ցուցադրաբար կամ իրապես հիստերիայի մեջ ընկնող Իլհամ Ալիեւի ռեժիմը 2024 թվականին ակտիվացրել է թռիչքները դեպի Իսրայելի «Օվդա» ավիաբազա:

«Օվդան» սովորական ավիաբազա (ռազմական օդանավակայան) չէ, սա Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում: Իսկ Ադրբեջանը իսրայելական ռազմամթերքի առանցքային գնորդներից է: Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2021 թ. գնահատմամբ՝ 2011-2020 թթ. կտրվածքով Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը եղել է Ռուսաստանը, որին այդ ընթացքում բաժին է հասել Բաքվի գնումների 60,1 %-ը (խոսքը ոչ թե ձեռք բերված զենքի քանակի կամ դրամական արժեքի մասին է, այլ SIPRI-ի կողմից կիրառվող չափման միավորի՝ TIV-ի (trend-indicator value - բառացի՝ միտման ցուցիչի արժեք), որով չափվում են երկրների միջեւ սպառազինության հոսքերի միտումները կոնկրետ ժամանակահատվածում, այլ կերպ ասած՝ TIV-ը մի երկրից մյուսին փոխանցվող ռազմական պոտենցիալի գնային ինդեքսն է): Բայց ահա, ըստ SIPRI-ի, 2016-2020 թթ. կտրվածքով Իսրայելն է դարձել Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորը (69 %): Մյուս կողմից՝ այդ նույն ընթացքում Ադրբեջանին բաժին է հասել Իսրայելի ռազմական արտահանումների 17 %-ը:

2023 թ. մարտին իսրայելական Haaretz օրաթերթը ուշագրավ վիճակագրություն էր ներկայացրել «Օվդայից» դեպի Ադրբեջան բեռնատար թռիչքների վերաբերյալ: Պարզվել էր, որ 2016-ից մինչեւ 2023 թ. մարտ ամիսը ներառյալ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներն առնվազն 92 անգամ «Օվդայից» թռել են իրենց երկիր:

Բայց առավել ուշագրավ է «Օվդա»-Ադրբեջան թռիչքների աճի ու Ալիեւի ռեժիմի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծվող պատերազմների կամ էսկալացիաների համընկնումը: Այլ կերպ ասած՝ երբ Ադրբեջանը հաճախակիացնում է ներկրումները «Օվդայից», դրան հետեւում է կամ զուգահեռ ընթանում է էսկալացիան: Այդպես եղել է 2016-ի առաջին կիսամյակում, երբ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, թռիչքների կտրուկ աճ է արձանագրվել 2020-ի երկրորդ կիսամյակում՝ 44-օրյա պատերազմի ֆոնին: 2021-ի երկրորդ կիսամյակում եւս աճ է եղել, իսկ այդ շրջանը համընկել է Հայաստանի նկատմամբ Բաքվի ռեժիմի օկուպացիոն գործողություններով: Նույնը տեղի է ունեցել 2022-ի երկրորդ կիսամյակում, երբ Ադրբեջանը հերթական էսկալացիան հրահրեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Haaretz-ը վիճակագրությունը ներկայացրել է մինչեւ 2023 թ. մարտ ամիսը ներառյալ

Այս թռիչքներն իրականացրել են ադրբեջանական Silk Way Airlines բեռնափոխադրող ավիաընկերության «Իլ-76» տիպի ինքնաթիռները: Չնայած սա մասնավոր ընկերություն է եւ թղթի վրա պատկանում է ադրբեջանցի նախկին պաշտոնյաներից մեկին, այդուհանդերձ, ինչպես պարզել են արտասահմանցի լրագրողները, առնվազն նախկինում (եթե ոչ նաեւ հիմա) փոխկապակցված է եղել Ալիեւի ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ Silk Way Airlines-ի չվերթերը «Օվդայի» ու ադրբեջանական քաղաքների միջեւ բեռնափոխադրման ոլորտում բացառիկ չեն, քանի որ այս օպերատորը ժամանակ առ ժամանակ թռիչքներ է իրականացնում նաեւ Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ (տես լուսանկարում): Այս ուղղությամբ չվերթեր կատարում է նաեւ դրա դուստր ընկերությունը՝ Silk Way West Airlines-ը, որը շահագործում է Boeing 747 տիպի բեռնատարներ (նկատենք, որ պայթուցիկների տեղափոխումը Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Փոխարենը «Օվդան» Իսրայելի հարավային անապատային հատվածում է): 

Զարգացնելով Haaretz-ի վիճակագրությունը՝ 2023-ի օգոստոսից «Հետքն» սկսել էր հետեւել ադրբեջանական բեռնատարների հետագա թռիչքներին:

2023 թ. սեպտեմբերի սկզբին գրել էինք, որ ադրբեջանական օդանավերը վերջին 3 շաբաթում 4 անգամ թռել են «Օվդա»:

Մեր հոդվածից հետո թռիչքները շարունակվել էին: Այսպես՝ 2023 թ. օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը 8 բեռնատար թռիչք էր կատարվել իսրայելական ավիաբազայից դեպի Բաքու կամ Գյանջա: Սրանց հաջորդեց սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ նոր պատերազմն ու կարճ ժամանակ անց արցախահայության բռնի տեղահանությունը:

«Օվդայից» թռիչքները շարունակվել են նաեւ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո: Ընդհանուր առմամբ, 2023-ին ադրբեջանական բեռնատարները 19 անգամ այս ավիաբազայից մեկնել են իրենց երկիր:

Չնայած 2024 թվականին Հայաստան-Ադրբեջան առաջնագծում մեծ բախումներ տեղի չեն ունեցել, 2020-ից հետո առաջին անգամ ադրբեջանական օդանավերը «Օվդայից» ավելի քան երկու տասնյակ բեռնատար թռիչք են իրականացրել: Սա հստակ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանը չի նվազեցնում իսրայելական արտադրության սպառազինություն ներկրելու տեմպերը:

Եթե նայենք ամսական բացվածքը, ապա կտեսնենք, որ ամենաշատ չվերթերը (6 անգամ) գրանցվել են 2024-ի դեկտեմբերին: Հիշեցնենք, որ հենց այդ ամսում Ալիեւը հերթական անգամ աչքի ընկավ Հայաստանի հասցեին ագրեսիվ խոսույթով, ինչը շարունակվեց նաեւ այս տարվա հունվարին:  

Հունվարի 8-ին կայացած ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե ինչ աշխատանք է տանում մեր երկիրը Ադրբեջանին հարձակողական զենք վաճառող այլ պետությունների հետ: Հաշվի առնելով ՀՀ գլխավոր դիվանագետի դիտարկումը, թե զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է՝ կարելի է եզրակացնել, որ ԱԳՆ-ն շարունակաբար ուժի եւ ուժի սպառնալիքի մեթոդին դիմող եւ այդկերպ իր հայատյաց, հակահայկական օրակարգն առաջ մղող Ալիեւի ռեժիմին զենք վաճառող այլ երկրների հետ որեւէ աշխատանք չի տանում: Սրան, իհարկե, կարելի է հակադարձել նույն Ալիեւի վարքագիծը, որն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե Հայաստանին զենք վաճառելը սպառնալիք է իր երկրի համար, եւ պետք է դադարեցնել այն:

Հայերեն ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Լուսանկարում՝ Բաքվից ժամանող Silk Way Airlines-ի «Իլ-76» ինքնաթիռը (ադրբեջանական գրանցումը՝ 4K-AZ102) վայրէջք է կատարում Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում, 05.11.2024, աղբյուրը՝ jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter