HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի օդանավակայանը 2024-ին սպասարկել է 1365 ուղեւորի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը 2024 թվականին սպասարկել է 1365 ուղեւորի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, որն իր հերթին տվյալները վերցրել է «Զվարթնոց» օդանավակայանից:

Նկատենք, որ ներկա պահին «Սյունիքի» կապը բացառապես «Զվարթնոցի» հետ է, այլ կերպ ասած՝ իրականացվում են միայն Երեւան-Կապան-Երեւան չվերթեր: Չնայած «Սյունիքն» ունի քաղավիացիայի միջազգային կազմակերպություններից՝ IATA-ից ու ICAO-ից ստացած համապատասխան կոդեր՝ YUK եւ UDCK, 2023-ի օգոստոսից մինչ օրս ընդունում եւ ճանապարհում է բացառապես ՀՀ ներքին թռիչքներ:

Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Կապանի օդանավակայանից օգտվել էր 207 ուղեւոր:

Ինչպես կարելի է տեսնել ստորեւ ներկայացված ամսական բացվածքում, նախորդ տարի «Սյունիքից» օգտվողների ամենամեծ թիվը գրանցվել է սեպտեմբերին, նաեւ՝ օգոստոսին, երբ ամսական ուղեւորների թիվն անցել է 200-ի շեմը: Սեպտեմբերյան աճը պատահական չէ, քանի որ 2023-ի օգոստոսից մինչեւ 2024-ի օգոստոս Երեւան-Կապան-Երեւան չվերթերն իրականացվում էին ամեն երկուշաբթի եւ ուրբաթ, իսկ 2024-ի սեպտեմբերից ավելացան նաեւ չորեքշաբթի օրերը:

Passengers: YUK (2024)
Infogram

Ընդ որում՝ նշված 1365 ուղեւորից 660-ը Երեւանից են մեկնել Կապան, իսկ 705-ը Կապանից ժամանել են Երեւան:

Երեւան-Կապան-Երեւան թռիչքների միջոցով բեռնափոխադրում (բեռ + փոստ) չի իրականացվել:

Ինչ վերաբերում է «Սյունիքի» թռիչքներին ու վայրէջքներին, ապա 2024-ին դրանք եղել են 160-ը՝ 80-ական թռիչք եւ վայրէջք:

Ներքեւի ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, որ ամենաշատ թռիչքներն ու վայրէջքները գրանցվել են դեկտեմբերին: Սա էլ ունի իր բացատրությունը: Նախ՝ եղանակը բարենպաստ է եղել, եւ դեկտեմբերին (որը երկար ամիս է) չվերթեր են իրականացվել գրեթե բոլոր երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, բացառություն է եղել միայն դեկտեմբերի 2-ը (երկուշաբթի): Մյուս կողմից՝ երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունը, որը Երեւան-Կապան-Երեւան չվերթերի օպերատորն է, 2025-ի տարեմուտին եւ հունվարի առաջին օրերին սովորական չվացուցակից ավելի շատ թռիչքներ է կատարել:

YUK Flights: 2024
Infogram

Հիշեցնենք, որ Երեւանի ու Կապանի միջեւ ավիահաղորդակցության մեջ որոշիչ դեր ունի եղանակը: Պատճառն այն է, որ դեպի Կապան չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), երբ պարտադիր պայման է բարենպաստ եղանակը: Ներկա պահին քայլեր են ձեռնարկվում՝ նաեւ սարքավորումներով թռիչքներ (IFR) իրականացնելու համար, ինչը հնարավորություն կտա Կապան մեկնել եւ այնտեղից վերադառնալ նաեւ ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններում:

Գաղափար կա նաեւ «Սյունիքը» դարձնել միջազգային օդանավակայան: Մասնագետների կարծիքով՝ Կապանը կարող է կապող օղակ դառնալ Երեւանի ու, օրինակ, Թավրիզի միջեւ՝ ներգրավելով, մասնավորապես, իրանցի զբոսաշրջիկներին: Այս պարագայում «Սյունիքում» վստահաբար կաճի թե՛ թռիչքների, թե՛ ուղեւորների քանակը:

Լուսանկարը՝ «Սյունիք» օդանավակայանի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter