
Զոհվածների ծնողները դատարանին կներկայացնեն հրամանատարների հետ խոսակցության ձայնագրությունները
Հադրութի Այգեստան գյուղում զոհված 73 զինծառայողների ծնողները շարունակում են ցուցմունք տալ դատարանում։ Ծնողներին մտահոգում է՝ ինչու իրենց որդին հայտնվեց գրավված տարածքում, ինչ մարտական առաջադրանք էին կատարելու, ինչու չհետևեցին զորքի ընթացքին, և, վերջապես, ովքեր են պատասխանատուները։ Նրանք վստահ են՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 73 հոգանոց վաշտին ուղարկել է արդեն իսկ գրավված Հադրութ։
2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի-3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Զոհված զինծառայող Արման Այվազյանի հայրը՝ Համլետ Այվազյանը, նման համոզմունքը բացատրեց նրանով, որ դեռևս Արցախում Արայիկ Հարությունյանի, Գոռ Իշխանյանի և դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին հարցրել է՝ եթե հոկտեմբերի 9-ին ինքն ու Կամո Վարդանյանը վերջինն են եղել, ովքեր դուրս են եկել Հադրութից, և արդեն ադրբեջանական դրոշ էր այնտեղ, ինչպե՞ս է Իշխանյանը հոկտեմբերի 11-ին վաշտ ուղարկել Հադրութ։ Իշխանյանը պատասխանել է՝ Ջալալ Հարությունյանի հրամանն է կատարել։
«Մինչև երեխաներին գտնելը Գոռ Իշխանյանը հավաստիացնում էր՝ երեխաները ողջ են, նրանց հաց և ջուր են տանում, համբերեք՝ կապի դուրս կգան»,- պատմեց տուժողը։
Ծնողները հանդիպել են թե՛ Գոռ Իշխանյանի, թե՛ Կարեն Առստամյանի հետ։ Բոլոր հանդիպումները Պաշտպանության բանակի հրամանատարների հետ ծնողները ձայնագրել են։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժողներին խնդրեց բոլոր վկաներին հարցաքննելուց հետո ձայնագրությունները փոխանցել դատարանին։
Զոհված զինծառայողի հայրը չի հասկանում նաև՝ ինչպես կարող էին այնտեղ զորք ուղարկել, եթե մինչև այդ 200 հոգանոց զորքն արդեն այդ հատվածից հետ էր եկել, իսկ նրանց հրամանատարը հրաժարվել էր մնալ այնտեղ՝ ասելով, որ «մսաղաց է, չեմ տանի զորքը», դրանից ժամեր անց 73 հոգանոց վաշտին են ուղարկել։
Դատարանում քննվում է նաև այն հարցը, որ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը պետք է դիմավորեր 73 հոգանոց վաշտին։
«Առստամյանն ասել է՝ ես զորք չեմ ուզել, իմ տրամադրության տակ եղել է Ջրականի զորքը, իրեն զանգել են սերժանտի հեռախոսով, օգնություն խնդրել, ինքն ասել է՝ կապի մեջ եղեք, տեսնեմ՝ ինչ կարող եմ անել, դրանից հետո թուրք է պատասխանել զանգին»,- պատմեց Համլետ Այվազյանը։
Զոհված Արման Այվազյանի հայրը նշում է՝ Գոռ Իշխանյանի հետ հանդիպման ժամանակ հարցրել են՝ արդյոք հրամանատարը կապվել է տղաների հետ, ճշտել՝ տեղ հասե՞լ են, թե ոչ։
«Ասաց՝ մտքովս չանցավ, որ տեղ չեն հասնի»,- նշեց տուժողը։
Գործով տուժող ճանաչված Գոռ Տոնականյանը՝ Էդգար Տոնականյանի հայրը, դատարանին հայտնեց, որ ինքը եղել է որոնողափրկարարական ջոկատում, փնտրել է որդուն։
Տուժողը դատարանին հայտնեց, որ Ջալալ Հարությունյանի և Գոռ Իշխանյանի հրամաններում ուղարկվող հատվածի կոորդինատները տարբեր են։ Գոռ Տոնականյանը դատարանին խնդրեց առերեսում կազմակերպել Գոռ Իշխանյանի և Ջալալ Հարությունյանի միջև։
Գոռ Իշխանյանի հետ հանդիպման ժամանակ զոհվածի ծնողը նրան հարցրել է՝ ինչու այդպես ստացվեց, ուր էր ուղարկել վաշտին։
«Ասում է՝ ես չէի ուզում, ինձնից տարան վաշտը, լացում էր, ասում՝ իմ ամենաուժեղ վաշտն էր, չէի ուզում ուղարկել, բայց հրաման էի ստացել վերևներից»,- պատմեց նա։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցրեց դահլիճում ներկա ծնողներից՝ այդ խոսակցությանը ներկա եղած մարդիկ կա՞ն։
-Ես եմ եղել։
-Ես էլ,- հաստատեցին ծնողները։
«Գոռ Իշխանյանին հարցրել եմ, ասել՝ դու գիտեիր չէ՞, որ ուղարկեիր զորքը, էնտեղից հետ չէին գա։ Գլուխը կախեց»,- նշեց տուժողը։
-Ի՞նչն է եղել պատճառը, որ Գոռ Իշխանյանը կապի դուրս չի եկել ուղարկված զորքի հետ,- տուժողին հարցրեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։
-Հարցրել եմ, ասել է՝ կապը լավը չի եղել։ Հավաքել են հեռախոսները, գիտակցաբար ուղարկել Հադրութ, ինչպես Արայիկ Հարությունյանն էր ասում՝ 73 հոգանոց վաշտն ուղարկել ես՝ Հադրութը փրկելո՞ւ,- նշեց զոհվածի հայրը։
Հովհաննես Ստեփանյանի հայրը՝ տուժող Մանվել Ստեփանյանը դատարանին հայտնեց, որ տեղյակ չէ՝ որդին ինչ առաջադրանք պիտի կատարեր «9-րդ կմ» կոչվող տարածքում։ Ըստ տուժողի՝ հնարավոր չէր, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը տեղյակ չլիներ՝ ինչ է կատարվում այդ հատվածում։
«Արայիկ Հարությունյանի հետ հանդիպանն իմացել ենք, որ Հադրութը գրավված էր։ Գոռ Իշխանյանն ասել էր, որ Կարենը Առստամյանը պետք է դիմավորեր զորքին, չի դիմավորել»,- նշեց նա։
Դատարանում էր նաև Ալեքսանդր Կարապետյանի մայրը՝ Փիրուզա Ենոքյանը։
Նա շատ բան չկարողացավ հայտնել դատարանին, միայն մտահոգված էր՝ ինչու էր իր միակ որդին առաջնագծում։
Փիրուզայի որդին զոհվել է հոկտեմբերի 11-ին։ Վերջին անգամ մոր հետ խոսել է հոկտեմբերի 11-ին առավոտյան 10-ին, ասել է՝ իրենց բունկեր են տանում, չանհանգստանան, հնարավոր է՝ մի քանի օր չզանգի։
Փիրուզան նշեց՝ Ջալալ Հարությունյանի հրամանով Գոռ Իշխանյանը տղաներին ուղարկել է արդեն իսկ գրավված տարածք։
Հարցաքննության ժամանակ զոհվածի մայրը վատ հոգեբանական վիճակում էր, հուզվել էր և չէր կարողանում խոսել։ Նա մի քանի րոպեով դուրս եկավ դատական նիստերի դահլիճից։ Ծնողները օգնեցին նրան վերադառնալ, սակայն Փիրուզան խնդրեց, որ քննիչի մոտ տված իր ցուցմունքը հիմք ընդունեն, քանի որ խոսել չի կարողանում։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հանրային մեղադրողին ասաց՝ տուժողի ցուցմունքը կարող են հրապարակել բոլորին հարցաքննելուց հետո։
Դատական նիստերի դահլիճում էր նաև զոհված Արտակ Ղազարյանի քեռին՝ Սարգիս Նավասարդյանը։ Նա ուզում էր որպես տուժող հարցաքննվել, սակայն ո՛չ դատավորը, ո՛չ հանրային մեղադրողը, ո՛չ էլ պաշտպանները նրան չգտան տուժող ճանաճված անձանց ցուցակում։
-Ո՞վ է Արտակ Արմենի Ղազարյանի տուժող ճանաչված անձը, եթե ես եմ հարցաքննվել։ Ինձ նիստերի հետ կապված դատարանից մի քանի անգամ զանգել են,- ասաց Սարգիսը։
Նրան չհարցաքննեցին՝ խոստանալով հարցը պարզել հաջորդ դատական նիստում, որը կկայանա հունվարի 21-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Գոռ Տոնականյանը
Մեկնաբանել