HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավիավթար՝ բամբակի դաշտերի մոտ

Ողբերգական 1961 թվականից հետո, երբ հայկական ավիացիայում գրանցված 3 աղետի ու առեւանգման 1 փորձի հետեւանքով 50 հոգի զոհվեց, 1962-ը բավական հանգիստ անցավ: Այդուհանդերձ, այդ տարի եւս մեկ դեպք գրանցվեց, որն աղետ չէր (զոհեր չեղան), սակայն, ամեն դեպքում, ավիապատահար էր:

Այսպես՝ հունիսի 24-ին՝ բավական շոգ օր, Հայկական առանձին ավիախմբի 36-րդ ավիաէսկադրիլիայի օդաչուն «Յակ-12Մ» ինքնաթիռով (խորհրդային գրանցումը՝ СССР-72704) առավոտից 17 թռիչք կատարեց (ընդհանուր 5 ժամ տեւողությամբ)՝ քիմիական մշակման ենթարկելով բամբակի դաշտերը: Հանգստանալուց հետո՝ 16:50-ին, օդաչուն շարունակեց աշխատանքը:

Օդ բարձրանալուց հետո 50 մետրի վրա ինքնաթիռն սկսեց շրջադարձ կատարել, սակայն օդաչուն հաշվի չառավ բարձր ջերմաստիճանի պայմաններում գյուղատնտեսական սարքավորումներով բեռնված «Յակ-12»-ի օդանավավարման առանձնահատկությունները, ինչի հետեւանքով ինքնաթիռն սկսեց արագություն կորցնել ձախ թեւի վրա թեքված վիճակում: Ի վերջո, «Յակ-12»-ի ձախ անիվը բախվեց հողին, հաջորդեց աջ անիվի բախումը, որը պոկվեց: Հետո օդանավը թեքվեց ձախ եւ ձախ մասով, ապա նաեւ աջ հատվածով բախվեց երկրի մակերեւույթին ու վթարվեց: Վերջին թռիչքի ժամանակ օդի ջերմաստիճանը +30 էր ըստ Ցելսիուսի, քամի չկար:

4 հոգու (1 օդաչու + 3 ուղեւոր) համար նախատեսված «Յակ-12Մ»-ում միայն օդաչուն էր, որը, բարեբախտաբար, կենդանի մնաց:

Հետաքննությունը պարզել է, որ պատահարի պատճառը եղել է օդանավավարման տեխնիկայի մեջ թույլ տրված սխալը: Դրան հանգեցրել է նաեւ 36-րդ ավիաէսկադրիլիայի հրամանատարության կողմից ոչ բավարար վերահսկողությունը իրականացվող աշխատանքների նկատմամբ: 

Լուսանկարում՝ «Յակ-12Մ» տիպի ինքնաթիռ, աղբյուրը՝ russianplanes.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter