
Մերժված հրավեր. ինչպես արձագանքեցին նախկին նախագահները Փաշինյանի՝ բանավեճի առաջարկին
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել արցախյան բանակցային գործընթացի մասին։ Վարչապետը գրել էր, որ արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո բանակցությունների ողջ տրամաբանությունը եղել է այն, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։
«Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ, հետեւաբար, այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել էր Փաշինյանը:
Վարչապետի այս գրառումը բուռն քննարկման առիթ դարձավ։ Մասնավորապես, 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը և ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Փաշինային մեղադրեցին ստախոսության մեջ։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ նախկին երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրավիրեց ուղիղ եթերում բանավեճի։
«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների hետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել էր Փաշինյանը։
Իսկ արձագանքը չուշացավ։ «Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էին Սերժ Սարգսյանի գրասենյակից։
«2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդն է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»,- ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշիյանին պատասխանել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
Իսկ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը առաջարկել էր, որ Փաշինյանը բանավիճի ինքն իր հետ։ «Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, բուհերի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»,- գրել էր Մուսինյանը:
Այս հայտարարություններից հետո, երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը կրկին դիմեց նախկին նախագահներին՝ առաջարկելով նրանց նորից մտածել իր առաջարկի շուրջ և ընդունել բանավեճի հրավերը։
«Սիրելի ժողովուրդ, սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որը առաջարկել եմ նախկին նախագահներին կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե, ի վերջո, ինչ է տեղի ունեցել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում»,- ասաց Փաշինյանը։
Եվս մեկ գրառմամբ այսօր առավոտյան Փաշինյանն անդրադարձավ իր առաջարկին։ «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք»,- գրել է Փաշինյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել