
Արցախյան բանակցությունների վերաբերյալ Փաշինյանի տեսակետների «էվոլյուցիան» պատերազմից առաջ և հետո
«Արցախը Հայաստան է և վերջ», «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»․ այս երկու արտահայտությունների հեղինակն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Բայց ինչպե՞ս տեղի ունեցավ Փաշինյանի տեսակետների այս փոփոխությունը։
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո բանակցային ողջ տրամաբանությունը եղել է այն, որ Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմում։
Այս եզրահանգմանը գալու մասին Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել 2022-ից։ Նախ՝ 2022-ի ապրիլին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարչապետն ասաց, որ պետք է իջեցնենք ԼՂ-ի կարգավիճակի հարցում նշաձողը։ Այս ելույթից ամիսներ անց էլ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։
Պրահյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինայնը բազմիցս ասել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում մնալն այլընտրանք չի ունեցել։ Նրա բազմաթիվ թիմակիցներ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և այլք, տարբեր տարեթվեր էին նշում, թե երբվանից է Արցախը ճանաչվել Ադրբեջանի կազմում։ «Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին»,- ասել էր ԱԺ նախագահը։ Իսկ Վահագն Խաչատուրյանն ավելի հեռուն էր գնացել և հայտարարել. «Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991 թվականին»։
Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների այս հայտարարությունները ամենալավը կարող է հերքել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ 2020 թվականի հուվարի 25-ին տված ասուլիսի ժամանակ Փաշինյանը ներկայացրել էր բանակցային գործընթացը և նշել բանակցվող փաստաթղթում առկա երեք հիմնական կետերը։
«Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, այ էդ գյոզալ ժառանգությունը էս իշխանությունը կորցրեց։ Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Էս վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Եվ համենայն դեպս, հերքումներ պաշտոնական նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից չեղան։ Եվ ես կարծում եմ, որ այդ փաստի բերումով մենք կարող ենք ֆիքսել, թե Սերժ Սարգսյանը ինչ ժառանգություն է թողել սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Սա Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է։ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Քելբաջարի եւ Լաչինի վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, հաջորդ կետը կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամաարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր եւ կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն եւ կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները՝ տարածաշրջանում քաղաքական, առեւտրային, տնտեսական եւ հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում։
Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված 5 շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը եւ դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը, միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղ ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտական մշտադիտարկման տակ։ Միեւնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։ Հիմա սա էն ժառանգությունն է, ըստ էս հրապարակման եւ չի հերքվել, որը եղել է, առկա է սեղանին։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք էս, էս ժառանգությունը կորցրել ենք: Ես ուզում եմ ասեմ հետեւյալը՝ որ պահին հենց էս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ուզենա շարունակել բանակցությունները, հենց էս նույն կետից միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի, ոչ մի, բացարձակապես ոչ մի»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանը նաև հորդորել էր Արցախի նախագահի թեկնածուներին հրապարակային տեքստով ասել՝ արդյոք այս տարբերակն ընդունելի՞ է նրանց համար, թե՝ ոչ։
«Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են, եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է էն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, եթե կընդունեն Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը, բոլորը, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ։ Ոչ մի պրոբլեմ չենք ունենա բացարձակ»,- հավելել էր վարչապետը։
Առավոտյան արված գրառումից հետո Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառմամբ առաջարկել էր նախկին երեք նախագահներին այս թեմայի շուրջ բանավիճել ուղիղ եթերում։ Նախկին նախագահները դեռևս չեն արձագանքել Փաշինյանի այս հայտարարությանը։ Անգամ եթե նախկին նախագահները մերժեն բանավեճի առաջարկը, ներկա Փաշինյանը կարող է բանավիճել մինչպատերազմյան Փաշինյանի հետ։
Մեկնաբանել