HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Քաղաքական շաբաթվա ամփոփում. աղմկահարույց բացահայտումների խոստումներ և խաղաղության հեռանկարներ

Անցնող քաղաքական շաբաթվա գլխավոր հերոսը, ինչպես նախորդ մի քանի շաբաթներին, Հովիկ Աղազարյանն էր. նոր քրեական գործ, անձեռնմխելիությունից զրկելու մասին խոսակցություններ, որդու աշխատանքից ազատում և այլն։ Բայց ամեն ինչի մասին հերթով։ 

Նախ Հովիկ Աղազարյանի հետ կապված սկանդալի ֆոնին այս երկուշաբթի հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մշակում է բարեվարքության նոր ստանդարտներ կուսակցության անդամների համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը, որը տեղի ունեցավ շաբաթ օրը Աշտարակում, կուսակցության հետագա զարգացման առումով երկու շատ կարևոր բան արձանագրեց։ «Առաջինը, որ կուսակցությունն ինքն իր համար պիտի սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչ ստանդարտների մասին է խոսքը, ՔՊ-ականները դեռ չեն բացահատում, սակայն նշում են, որ նոր ստանդարտների ընդունումը կապված չէ Աղազարյանի անվան շուրջ ծավալված սկանդալի հետ։

Աղազարյանի հետ էր կապված Հակակոռուցիոն կոմիտեի հայտարարությունը։ Հակակոռուցիոն կոմիտեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, հայտնեց, որ Հովիկ Աղազարյաի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով քրեկական գործ է հարուցվել։ Պատգամավորը չի ընդունում այս մեղադրանքները։ Աղազարյանը բազմիցս հայտարարել է, որ չի տիրապետել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության, հետևաբար չէր կարող հրապարակել այդպիսի տեղեկություն։

Աղազարյանի գլխին սև ամպեր սկսեցին կուտակվել հոկտեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումներից հետո։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավերպած լսումները մարդկանց հիշողության մեջ մնացին Աղազարյան-Քյարամյան լեզվակռվով։

Նոյեմբերի 18-ին Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է ազատման դիմումներ գրել և հեռանալ։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 22-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը ասաց, որ Հովիկ Աղազարյանին նույնպես խնդրել է հեռանալ և վայր դնել մանդատը։ Հովիկ Աղազարյանը երկար մտածելուց հետո որոշեց վայր չդնել մանդատը։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Աղազարյանի որդին, ով աշխատում էր Էկոնոմիկայի նախարարությունում, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Նա նաև հայտնեց, որ կլքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։

Ի դեպ, այս շաբաթ բացահայտվեց նաև Աղազարյանի մոսկվաբնակ ընկերոջ մասին առեղծվածը։ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ այդ ընկերը գոյություն չունի, ինքը պարզապես հորինել է դա` ժամանակ ձգելու համար։

Աղազարյանի այս բացահայտումից բացի մեկ այլ շատ կարևոր բացահայտման մասին հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանն ասաց, որ մոտ ժամանակներս պետության համար շատ կարևոր բացահայտում է սպասվում։

Քոչարյանը խոսեց նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին։ Պատգամավորն ասաց, որ շատ շուտով կներկայացնի զեկույցը։ Իսկ լրագրողների այն հարցին, թե հանրությունը ի՞նչ է իմանալու զեկույցի մասին, Քոչարյանը պատասխանեց. «Հանրությունը իմանալու է այնքան, ինչքան թույլատրելի է։ Ամերիկյան հանրությունը մինչև հիմա տեղեկացվա՞ծ է Քենեդուն ինչու սպանեցին»։

Այս շաբաթ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը թերևս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցն էր և դրան հետևած Նիկոլ Փաշինյանի պատասխանները։

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ը արդեն համաձայնեցված է։ Չհամաձայնեցված են մնում սահմանին օտարերկրյա ուժերի ներկայության և միջազգային ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարման հարցերը։ Ալիևը նաև նշեց, որ Փաշինյանի հետ վերջին՝ Կազանում տեղի ունեցած հանդիպումից եզրակացնում է, որ Հայաստանը կհամաձայնի նաև այս կետերին։

Ալիևն իր հարցազրույցում խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի՝ սպառազինություն ձեռք բերելը։ Նա հայտարարեց, որ Հայաստանը չի դիմանա իրենց հետ սպառազինությունների մրցավազքին, և որ Ադրբեջանը մյուս տարի ռազմական բյուջեն հասցնելու է 5 մլրդ դոլարի:

Իլհամ Ալիևը նաև մեղադրեց արևմուտքի երկրներին Հայաստանին զինելու համար։ Ըստ Ալիևի` Հայաստանն ամենաշատ զենքը ստանում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից։

Ալիևի մեղադրանքներին Փաշինյանը պատասխանեց «Արմենպրեսին» տված գրավոր հարցազրույցով։ Նա հաստատեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերը վերաբերում են սահմանից դիտորդների հեռացմանը և հայցերից փոխադարձ հրաժարմանը։

Փաշինյանը հայտարարեց, որ առաջարկում են երրորդ ուժերի չտեղակայման դրույթը տարածվի սահմանի սահմանազատված հատվածների վրա։ «Եվ սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասեմ նվազագույնի է հասցվում»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելուն` Փաշինյանն այն ընդունելի էր համարել։ «Երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Իլհամ Ալիևն իր հարցազրույցում անդրադարձել էր 1980-ականների վերջին Հայաստանի իշխանություններին հղված մի նամակի: Նամակը, ըստ Ալիևի, հեղինակել էին Հայաստանից դուրս եկած 300 հազար ադրբեջանցիներ։ Նրանք խնդրում էին Հայաստանի իշխանություններից, որ նրանց համար վերադարձի և վերաինտեգրման պայմաններ ապահովեն։ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ Ադրբեջանը այս կերպ ցանկանում է առարկայացնել Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։ 

«Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արեւմտյան Ադրբեջան ասելով՝ պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետեւաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում` Ադրբեջանի արեւմտյան եւ Հայաստանի արեւելյան սահմանների անվտանգությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եվ մինչ Փաշինյանն ու Ալիևը խոսում են մոտալուտ խաղաղության մասին, Ադրբեջանի դատախազությունը նոր, ավելի ծավալուն մեղադրանքներ է ներկայացնում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Մասնավորապես՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար ադրբեջանական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում։

Ադրբեջանի դատախազությունը դիմել է նաև հայաստանյան համապատասխան կառույցներին` համագործակցության համար։ «Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես վկա անցնող անձանցից շատերն այժմ ՀՀ տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետությունից դեռևս ոչ մի արձագանք չկա այս հայտարարությանը։

Այս շաբաթ ևս չշրջանցվեց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջարկությունների նոր փաթեթ են ներկայացրել ադրբեջանական կողմին, սակայն դեռևս արձագանք չկա։ Մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» թեզը։ Մհեր Գրիգորյանն ասաց` հստակ կարմիր գծեր ունեն և դրանց խախտումն անհնար է, ապա հավելեց. «Հայաստանը պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»:

Կարմիր գծերի մասին այս շաբաթ խոսեցին նաև վարչական դատարանի դատավորները։ Դեկտեմբերի 19-ին Վարչական դատարանը 5 դատավորի կազմով անվավեր ճանաչեց Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: 

Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը շտապեց տեղեկացնել, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, իսկ մինչ այժմ վճարված գումաների վերադարձի հարց առհասարակ չի կարող լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter