HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Քովիդի ժամանակ անօթևանին տուգանել են տանը չգտնվելու համար

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի օրերին, մի շարք սահմանափակումներ էին գործում։ Քաղաքացիներին թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ գնումների, աշխատանքի կամ առողջական խնդիրները լուծելու համար։ Մտցվել էր տեղաշարժման թերթիկների պարտադիր օգտագործման պահանջ։ Արմեն Խալոյանին, որը անօթևան էր, տուգանել էին տանը չգտնվելու համար։

Արմեն Խալոյանն արդեն 20 տարուց ավել է, ինչ ապրում է փողոցում։ 2003 թվականին, երբ նա Լատվիայից վերադարձել է Հայաստան, իր տան դուռը փակ է գտել։ Չեխովի փողոցի 33 շենքի 7-րդ բնակարանը, որը մինչև 1999 թվականը պատկանել է Արմենին և նրա մորը՝ Լիզա Սարգսյանին, վաճառվել է։ Արմեն Խալոյանի պնդմամբ՝ թեև ինքը եղել է բնակարանի համասեփականատեր, առուվաճառքի գործարքը տեղի է ունեցել առանց իր գիտության և համաձայնության։ Բնակարանի վաճառքից կարճ ժամանակ անց Լիզա Սարգսյանը մահացել է։

Արմենը փորձել է դատական ճանապարհով հետ բերել իր տունը, սակայն չի հաջողվել։ Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա բողոքը և անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, սակայն Վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռ՝ հօգուտ գնորդի։

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Արմեն Խալոյանը շարունակում էր ապրել փողոցում։ Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տուգանել են նրան՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու, տնից դուրս գտնվելու և դիմակ չկրելու համար։ Ընդհանուր տուգանքը կազմել է մոտ 300 հազար դրամ։ «Եթե տուն չունեմ, ինչպես պետք է տանը մնայի։ Դիմակ գնելու համար գումար էլ չունեի։ Խնդրել եմ ոստիկաններին դիմակ տրամադրել, սակայն մերժել են»,- ասում է Արմենը։

Խալոյանն այս տարի աշխատանք է գտել։ Ապրիլից նա աշխատում էր «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ում, որպես պահակ։ Սակայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հինգ ամիս շարունակ պահումներ է արել նրա աշխատավարձից՝ մոտ 200,000 դրամ։ «Օգոստոսին ինձ կանչեցին ու ասացին, որ այլևս չեմ աշխատելու այնտեղ, որովհետև իրենց հանցագործներ պետք չեն։ Եթե տուգանվել եմ դիմակ չկրելու համար, ուրեմն հանցագո՞րծ եմ»,– հարցնում է Արմեն Խալոյանը։

Նրա փաստաբան Սամվել Մարտիրոսյանը «Հետք»-ին հայտնեց, որ հայց են ներկայացրել վարչական դատարան տուգանքներն անվավեր ճանաչելու համար։

«Մենք արդեն դիմել ենք վարչական դատարան, բայց պետական տուրքի վճարման հետ կապված խնդիր ունենք։ Արմենը, բնականաբար, այդքան գումար չունի պետական տուրք վճարելու համար։ Խնդրել ենք դատարանին տարաժամկետել պետական տուրքերի վճարումը»,- ասաց փաստաբանը։

Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Ոստիկանությունը անվավեր է ճանաչել կայացված ակտերից երկուսը։ Փաստաբանի կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ մյուս ակտերը նույնպես իրավաչափ չեն։

«Մարդն ասում է՝ ես բնակվելու վայր չունեմ, ու՞ր գնամ։ Սա պետության խնդիրն է։ Հարգելի պետություն, դու միջոցներ ձեռնարկիր, քո քաղաքացուն ապահովիր տանիքով, և եթե դու դա չես ապահովել, ուրեմն փողոցում մնացած մարդուն չես էլ կարող սանկցիայի ենթարկել»,- հավելեց Սամվել Մարտիրոսյանը։

Լուսանկարը՝ Politik.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter