Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 4 սանհանգույց հիմնանորոգման կարիք ունի
«Հետքի» խմբագրություն են դիմել Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի մի քանի ծնողներ ու բարձրաձայնել այդ դպրոցի սանհանգույցների ոչ բարվոք լինելու մասին։ Ծնողները ցանկացել են մնալ անանուն, քանի որ դպրոցում սովորող երեխաները կարող են խնդիրներ ունենալ։
Դպրոցի սանհանգույցներն այն վիճակում են, որ սովորողները չեն կարողանում օգտվել դրանցից։ Անսարքությունից բացի՝ սանիտարահիգիենիկ վիճակը ևս վատ է։
Ծնողներից մեկը նշում է, որ մի քանի անգամ բարձրաձայնել են խնդիրը, դիմել են նաև Երևանի քաղաքապետարան, բայց անօգուտ։
«Վրդովված են բոլոր ծնողները, հասկանում ենք, որ գուցե գումար չկա վերանորոգում անելու, բայց գոնե կարելի է մաքրությունն ապահովել, քանի որ երեխաները չեն կարողանում օգտվել զուգարաններից։ Երեխային ասում եմ՝ գնա մեկ ուրիշ զուգարան, ասում է՝ ամենամոտը ֆիզկուլտուրայի դահլիճում է, այն էլ ավելի վատ վիճակում է։ Էլ չեմ ասում, որ ոչ մի զուգարանում թուղթ ու օճառ չկա»,- ասում է ծնողը։
«Հետքը» դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցում առկա 31 սանհանգույցից 27-ը սարքին է և շահագործվում է։ Խնդիր կա 4 զուգարանի հետ, որոնց կարգաբերման նախագծա- նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: 4 սանհանգույցները հնարավոր կարճ ժամկետում նորոգվելու են: Գործող զուգարանների հեռավորությունը չգործողներից այնքան չէ, որ աշակերտները չկարողանան օգտվել դրանցից: Աշխատանքների մեկնարկին ամբողջապես պատրաստ լինելուն պես գործընթացը կսկսվի։
Մեկնաբանություն ստանալու համար դիմել ենք նաև դպրոցի տնօրենությանը։ Դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցում կա ոչ թե 31 այլ 27 սանհանգույց, որից 4-ը ցանկանում են հիմնովին նորոգել։ Դպրոցի նախկին վարչատնտեսական մասի համակարգողը նախագիծը կազմել և ներկայացրել է Երևանի քաղաքապետարան։ Առաջիկայում նախատեսվում է հիմնանորոգել 4 սանհանգույց։
Լիլիթ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ բոլոր սանհանգույցները գործում են, դրանցից 4-ը ունեն հիմնանորոգման կարիք, բոլոր հարկերում գործում են սանհանգույցներ՝ նախատեսված նաև առանձնացված ուսուցիչների, տղա և աղջիկ աշակերտների համար։
Նրա խոսքով՝ ընթացիկ աշխատանքները, որ առաջանում են, կատարում են դպրոցի բանվորները։
Մեկնաբանել