Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման հարցով նախագահի հայցը
Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հայցերը, որտեղ նրանք բազմաթիվ խախտումների պատճառով պահանջում էին չկայացած ճանաչել խորհրդարանական ընտրությունները և չեղարկել դրանց արդյունքները: Որոշումը հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքէջում։
Որոշմանը կողմ է քվեարկել ինը դատավորներից յոթը: Դատարանի կայքում նշվում է, որ այն վերջնական է և բողոքարկման կամ վերանայման ենթակա չէ։ Ռուսթավի 2-ը հայտնում է, որ 9 դատավորներից երկուսը՝ Գիորգի Կվեչերնչխիլաձեն և Թեյմուրազ Տուգուշին հանդես են եկել հատուկ կարծիքով։
Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու պլանների մասին Զուրաբիշվիլին հայտնել էր նոյեմբերի 18-ին։ Դրանից հետո հայցեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր 30 պատգամավորներ։ «Մենք բոլորս գիտենք, որ երկրում ոչ մի ինստիտուտ այլևս անկախ չէ։ Եվ մենք դրա մասին բազմիցս ապացույցներ ենք ստացել, բայց երկրում ոչ մի իրավական վեճ չպետք է մնա առանց քննարկման: Իմ հայցի նպատակն է ամբողջությամբ ստուգել այն դատավորների խիղճը, ովքեր կկանգնեն ընտրության առաջ՝ ինչ երկիր եմ ուզում, ում հետ եմ ուզում այդ երկիրը և ուր պետք է գնա այդ երկիրը։ Նրանց պատասխանը նույնքան կարևոր կլինի»,- Սահմանադրական դատարան ուղարկելու իր որոշումն այսպես է բացատրել Վրաստանի նախագահը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան այս տարվա հոկտեմբերի 26-ին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատից 89-ը: 5 տոկոսի շեմը հաղթահարել է ընդդիմադիր 4 կուսակցություն։ Խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվել են ընդունել ընտրությունների արդյունքները և հայտարարում են, որ կհրաժարվեն իրենց մանդատներից: Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նոր ընտրություններ։
Լուսանկարը՝ Վրաստանի ՍԴ մամուլի ծառայության
Մեկնաբանել