HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ եվրաինտեգրման շուրջ բանակցություններից հրաժարվելու ֆոնին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

«ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշումը հակասում է վրաց ժողովրդի՝ սահմանադրությամբ ամրագրված պարտավորությանը՝ հասնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրման: Կասեցնելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը՝ «Վրացական երազանքը» մերժել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրել Կրեմլի համար»,- ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

««Վրացական երազանքի» հակաժողովրդավարական տարբեր գործողությունները խախտել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև մեր ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որը հիմնված է ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի վրա: Դրա պատճառով Միացյալ Նահանգները դադարեցնում է այդ մեխանիզմի գործողությունը»,- շարունակել է ամերիկյան կողմը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը նաև դատապարտել է ոստիկանության կողմից Վրաստանի խաղաղ քաղաքացիների դեմ «ուժի չափազանց մեծ կիրառումը», որոնք բողոքում են իրենց իշխանությունների գործողությունների դեմ: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ցույցերի խաղաղ բնույթը»,- նշում են ամերիկացի դիվանագետները:

Հարևան Վրաստանում արդեն չորրորդ օրն է, ինչ ծայրահեղ լարված է։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս մայրաքաղաք Թբիլիսիի և Վրաստանի մյուս քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Այս բողոքի ակցիաների հիմնական պատճառը վարչապետ Իրակլի Կոբախիձեի մի քանի օր առաջ արած հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համատեղ բոլոր ծրագրերը, այդ թվում` ԵՄ դրամաշնորհները։ 

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter