Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կունենա
2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը և նրա հունգարացի գործըկերը՝ Պետեր Սիյարտոն հանդիպում ունեցան եւ պայմանավորվեցին վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
2023-ին Պետեր Սիյարտոն այցելեց Հայաստան։ Հաջորդ տարի նախարար Սիյարտոյի հրավերով կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:
Հայ-հունգարական դիավանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին այդ երկրի կառավարության կողմից Ադրբեջանին արտահանձնելու պատճառով։
Ըստ ԱԳՆ-ի՝ երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:
Հունգարիան Եվրամիության անդամ է։ Գործադիրը նշում է, որ այդ առւոմով Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի։ Այս տարվա հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով դարձել է ԵՄ Խորհրդի նախագահող երկիր:
Գործադիրից հավաստիացնում են՝ հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է ոչ միայն քաղաքական, այլև առևտրատնտեսական արդյունավետ համագործակցություն և կրթական ծրագրեր:
Լուսանկարում՝ Արարատ Միրզոյանը (աջից) եւ Պետեր Սիյարտոն/mfa.am
Մեկնաբանել