
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարների հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովի շրջանակներում, որն ընթանում է Բաքվում։
«Նախարարները քննարկել են հետկոնֆլիկտային իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության գործընթացին խոչընդոտող խնդիրները»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
Ինչպես հավելում է պաշտոնական Բաքուն, կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև COP29-ի շրջանակներում շարունակվող բանակցությունները:
Հիշեցնենք, որ մինչ Բաքու մեկնելը, Բերբոքը Երևանում հանդիպել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Լուսանկարը՝ արխիվային/Trend գործակալություն
Մեկնաբանել