
Թրամփն ինքն է ընտրում նախարարների թեկնածուներին. Իլոն Մասկ
Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ինքն ազդեցություն չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախարարների պաշտոնների առաջադրման վրա։
«Ես կցանկանայի պարզաբանել, որ չնայած ես իմ կարծիքն եմ հայտնել կառավարության որոշ թեկնածուների մասին, բայց շատ որոշումներ կայացվում են առանց իմ գիտության, և դրանք 100%-ով ընդունում է նախագահը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մասկը։
Այսպես է ամերիկացի միլիարդատերը մեկնաբանել The New York Post թերթի այն հրապարակումը, որտեղ նշվում էր, որ Մասկը, լինելով Թրամփի մերձավորներից մեկը, ազդում է ապագա վարչակազմում նշանակումների վրա։
Ավելի վաղ, ամերիկյան NBC հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի շրջապատն արդեն սկսում է հոգնել Մասկի ազդեցությունից և քաղաքական գործչի կողքին նրա մշտական ներկայությունից։ NBC-ի զրուցակցի խոսքով՝ Մասկն իրեն պահում է ԱՄՆ համանախագահի նման՝ ակտիվորեն առաջ մղելով Թրամփի երկրորդ ժամանակահատվածի վերաբերյալ իր տեսլականը։
Լուսանկարը՝ Chris Unger-Zuffa LLC/Getty Images
Մեկնաբանել