
Թրամփի փեսան դարձյալ կարող է կարևոր նշանակություն ունենալ Մերձավոր Արևելքի հետ ԱՄՆ քաղաքականության մեջ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, առանցքային դեր կխաղա Մերձավոր Արևելքում նոր վարչակազմի ջանքերում: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջիններիս խոսքով՝ Քուշները դժվար թե պաշտոն զբաղեցնի, բայց տարածաշրջանում Թրամփի քաղաքականության «առանցքային դեմքը» կլինի:
Ինչպես նշում են աղբյուրները, Սպիտակ տան ապագա ղեկավարի փեսան լավ հարաբերություններ է պահպանել Մերձավոր Արևելքի բազմաթիվ առաջնորդների հետ։ Քուշները նաև ֆինանսական շահեր ունի այդ տարածաշրջանում:
Ավելի վաղ Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Թրամփի փեսան չի վերադառնա Սպիտակ տուն: Թերթը նշել էր, որ Քուշները եղել է ԱՄՆ նորընտիր նախագահի ավագ խորհրդականը նրա նախորդ պաշտոնավարման ընթացքում և առանցքային դեր է խաղացել «Աբրահամի համաձայնագրերի» շուրջ բանակցությունների ժամանակ, որոնց արդյունքում դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Իսրայելի և արաբական մի քանի պետությունների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սուդանի ու Մարոկկոյի միջև:
Քուշները մի քանի անգամ հայտարարել է, որ շահագրգռված չէ կառավարություն վերադառնալու հարցում, սակայն Թրամփի հաղթանակը և Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամը կարող են ստիպել նրան մտափոխվել։
Լուսանկարը՝ Jabin Botsford/The Washington Post
Մեկնաբանել