Գազայի հատվածում ամեն օր մահանում է ավել քան 60 երեխա. Al Jazeera
Գազայի հատվածում ամեն օր միջինում 67 երեխա է մահանում։ Նման տվյալներ է ներկայացրել կատարական Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) աշխատակից Լուիզա Ուոթերիջին:
Վերջինիս տեղեկություններով՝ միայն վերջին օրերին Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել գործակալության երկու դպրոցների ուղղությամբ։ Արդյունքում զոհվել է 17 մարդ, շատերը վիրավորվել են։
Հաղորդվում է նաև, որ պաղեստինյան անկլավի կենտրոնական և հարավային հատվածներում գտնվող ավելի քան 100 խոհանոց, որոնք կարիքավորներին օրական մոտ 400 հազար բաժին սնունդ են բաժանում, պարենի պակասի պատճառով փակման վտանգի տակ են հայտնվել:
UNRWA-ի տվյալներով՝ Եգիպտոսի և Հորդանանի հետ սահմաններին դեղորայքով և հիգիենայի պարագաներով շուրջ 40 բեռնատար սպասում է Գազա մուտք գործելուն։
Բացի այդ, գործակալությունում նշել են, որ Գազայի հատվածի բնակավայրերի փողոցներում կուտակվել է ավելի քան 42 միլիոն տոննա խիճ և ավերված շենքերի մնացորդներ, իսկ պայթյունավտանգ առարկաների, չպայթած արկերի և ականների կոնցենտրացիան «անմիջական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար»:
Միևնույն ժամանակ, ականազերծման մասնագետների մուտքը և վնասազերծման աշխատանքների իրականացումը էապես սահմանափակված է:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել էր, որ Գազայում զոհվածների գրեթե 70 տոկոսը կանայք և երեխաներ են:
Վարչության աշխատակիցները, որոնք հաստատել էին 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի ապրիլը անկլավում 8119 զոհվածների տվյալները, նշել են, որ զոհերի ցուցակում հատկապես շատ են մինչև 14 տարեկան երեխաները։
Լուսանկարը՝ Assoicated Press գործակալության
Մեկնաբանել