ԿԿՀ-ն տուգանել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ տնօրենին ընկերության անունից ՔՊ-ին նվիրատվություն կատարելու համար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշել է տուգանել «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանին։ Տուգանքի չափը 300 հազար դրամ է։
Հանձնաժողովն ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նվիրատվություների ստուգման արդյունքում վեր հանված տվյալները և պարզել, որ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի անունից ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանը 2023 թ.-ին 300 հազար դրամ է փոխանցել կուսակցության հաշվին։
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձինք, այդ թվում օտարերկյա իրավաբանական անձինք և միջազգային կազմակերպությունները կուսակցություններին չեն կարող նվիրատվություն կատարել։
Նույն օրենքի 189.21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում նվիրաբերված գումարի չափով։
Հանձնաժողովը որոշել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲ ընկերության անունից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն կատարելու համար ընկերության տնօրեն Աշոտ Հրաչկի Վարդանյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ նվիրաբերված գումարի չափով՝ 300 հազար դրամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավելի վաղ նման մի որոշում կայացրել էր մեկ այլ ընկերության դեմ։ Սակայն այս դեպքում բավարարվել էր միայն բանավոր դիտողությամբ։
«Բեստ հաուզ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Կարապետյանը 2023 թվականի ընթացքում ընկերության անունից 15.000 դրամի նվիրատվություն էր կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Հանձնաժողովը նոյեմբերի 1-ին որոշել է Դավիթ Կարապետյանին ազատել վարչական պատասխանատվությունից և բանավոր դիտողություն հայտնել։
Դավիթ Կարապետյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մանդատ է ստացել 2024 թվականի մարտի 7-ին։ Խմբակցությունում Կարապետյանը փոխարինել է Էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանին։
Պատգամավորական մանդատը ստանալուց հետո Դավիթ Կարապետյանը դադարեցրել է «Բեստ հաուզ» ՍՊԸ-ի ղեկավարումը։ Ընկերության գործունեությունը հիմա կասեցված է։
ԿԿՀ-ից պարզաբանեցին, որ իրենք հիմք են ընդունել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալները, իսկ վարույթի քննության ընթացքում Դավիթ Կարապետյանից պարզաբանումներ չեն պահանջվել նշված հանգամանքի վերաբերյալ։
Մեկնաբանել