ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները
ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները. առաջին ընտրատեղամասերը բացվել են արևելյան նահանգներում։ 1960 թվականից ի վեր ավանդույթի համաձայն` առաջինը քվեարկում են Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոթչ փոքր քաղաքի բնակիչները։
Ինչպես հայտնում է CNN-ը, տեղի ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով առավոտյան 09:00-ին) վեց ընտրողները հավաքվել են ընտրատեղամասում, քվեարկել և անմիջապես ամփոփել արդյունքները։ Դրանց համաձայն՝ գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը և նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ստացել են հավասար 3-ական ձայն։
Երևանի ժամանակով 14:00-ին ԱՄՆ-ում առաջին ընտրատեղամասերը բացվել են Վերմոնտ նահանգում։ Նահանգներում ընտրատեղամասերի մեծ մասը, սակայն, բացվել են Երևանի ժամանակով 15:00-ին։ Վերջին ընտրատեղամասերը կբացվեն Հավայան կղզիներում՝ Երևանի ժամանակով 21:00-ին։
Ընդ որում՝ ԱՄՆ-ի ավելի քան 82 միլիոն քաղաքացի քվեարկել է վաղաժամկետ։
Նախագահական ընտրություններից բացի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում նաև տեղի են ունենում Կոնգրեսի անդամների ընտրությունները, իսկ որոշ նահանգներում՝ նահանգապետների և օրենսդիր մարմինների։ Ընտրություններում հաղթանակի համար Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին անհրաժեշտ կլինի ստանալ առնվազն 270 ընտրիչի ձայն։
Լուսանկարը՝ Joseph Prezioso/AFP
Մեկնաբանել