HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Ինքս չեմ հուսալքվում, չեմ հանձնվում և, առավել ևս, չեմ համակերպվում». Հովհաննես Ավետիսյան

Այսօր «168 ժամի» խմբագրության տարածքում տեղի ունեցավ պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը։ Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին, ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Ավետիսյանն ազատ էր արձակվել։ 

Հովհաննես Ավետիսյանի պաշտպան Արսես Բաբայնը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ խուզարկություններ են իրականացվել Ավետիսյանի մեքենայում և բնակարանում։ «Խուզարկությունների արդյունքում ապօրինի ոչինչ չի հայտնաբերվել, հետևաբար այլ բան չէր մնում վարույթն իրականացնող մարմնին, քան բավարարել իմ միջնորդությունը և անհապաղ ազատ արձակել Հովհաննես Ավետիսյանին»,- ասաց Արսեն Բաբայանը։

Ասուլիսի սկզբում Հովհաննես Ավետիսյանը ուղերձով դիմեց Ոստիկանությանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդությանը։ 

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում աշխատում են իմ քույրերն ու եղբայրները, սրա և՛ ուղիղ, և՛ փոխաբերական, և՛ քաղաքական, իսկ որոշների հետ՝ նաև արյունակցական կապ ունենալու իմաստով: Հետևաբար, և ոչ մի պարագայում Հայաստանի ոստիկանությունը չի հանդիսանում իմ կողմից ծավալած գործողությունների, այդ թվում՝ այս ուղերձի թիրախը, և առավել ևս՝ իմ կողմից չի դիտարկվում և երբևէ չի կարող դիտարկվել այս քաղաքական կոնֆլիկտի դերակատար թիրախային կողմ:

Այս գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած և ժողովրդավարության անվան տակ իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում` պատանդի կարգավիճակում: Իշխանություն, որ ոստիկանական համակարգն օգտագործում է ոչ թե անվտանգ միջավայր և ապահով հանրություն ստեղծելու, ոչ թե Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ոչ թե Հայաստանի քաղաքացու կյանքը և սեփականության իրավունքները պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը` ի վնաս հայ ժողովրդի շարունակական դարձնելու և Հայաստանում դիկտատուրային ռեժիմ հաստատելու նպատակներով:

Սա են վկայում նաև Հայաստանի գիտակից և ակտիվ քաղաքացիների նկատմամբ հատկապես վերջին օրերին ոստիկանության կողմից ծավալած գործողությունները, մասնավորապես՝ ընդամենը մի քանի օրվա մեջ ինն անձի, այդ թվում՝ ինձ, ապօրինի զենք ունենալու հորինած կասկածով ձերբակալելու հանգամանքը: Այս ինն անձանցից և ոչ մեկի մոտ ապօրինի զենք և կամ զինամթերք չի հայտնաբերվել, այդ թվում՝ ընդհուպ բնակարանում իրականացված խուզարկությամբ: Այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր՝ իջեցված օրվա իշխանության կողմից` ճնշելու, վախեցնելու և, ինչո՞ւ չէ, տեռորի ենթարկելու այն բոլոր գիտակից քաղաքացիներին, որոնք համաձայն չեն այս իշխանության վարած ներքին և հատկապես արտաքին կործանարար քաղաքականության հետ:

Ես չեմ հավատում, որ Հայաստանի ոստիկանությունն այնքան վատ է աշխատում, որ այս ինը քաղաքաղացիների դեպքում մի քանի օրվա մեջ ունեցել է օպերատիվ տվյալ և/կամ անմիջականորեն կամ այլ կերպ առաջացած կասկած ապօրինի զենք ունենալու իմաստով, սակայն և ոչ մեկիս պարագայում այս կասկածը չի հիմնավորվել: «Տարօրինակ» պատահականությամբ, այս բոլոր ինը քաղաքացիներն ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ և միաժամանակ ակտիվ են իրենց ձայնը բարձրացնելու և օրվա իշխանությանը հակադրվելու գործում և գործողություններում: Հետևաբար, կրկին ասում եմ՝ Ոստիկանության վերոնշյալ գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր` ճնշելու և լռեցնելու Հայաստանի գիտակից քաղաքացիներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ իմ և ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր օրինապաշտ քաղաքացիների նկատմամբ ծավալված այսօրինակ անհամաչափ և անհիմն գործողություններն ունեն քաղաքական համատեքստ: Հայտարարում եմ, որ իմ անձի նկատմամբ ոստիկանության կողմից այսուհետ իրականացված ցանկացած տեսակի գործողություն ես դիտարկելու եմ իմ քաղաքական հետապնդման համատեքստում` որպես բռնաճնշման հերթական արար, և սրա մասին բարձրաձայնելու եմ և լինելու եմ հետևողական իմ և մյուս քաղաքացիների քաղաքական և մնացյալ իրավունքների պաշտպանության հարցում:

Միաժամանակ, խնդրում և հորդորում եմ Ոստիկանության պետին և բոլոր պաշտոնատար անձանց՝ չկատարել ապօրինի հրամաններ, զերծ մնալ քաղաքական շահեր սպասարկելու և բռնաճնշումներ իրականացնելու գործիք լինելուց: Հիշեցնում եմ, որ այս և որևէ հաջորդ իշխանություն ժամանակավոր է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, այլ ոչ որևէ պաշտոն, որ ցանկացած ապօրինի գործողություն արձանագրվում է մեր կողմից և հաջորդիվ ունենալու է իրավական հետևանքներ` ապօրինություններ իրականացրած բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և դատարանի առջև կանգնեցնելու տեսքով:

Հաշվի առնելով, որ Հայաստանի ոստիկանական համակարգում, նաև արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում ԱՄՆ կառավարությունն ունի նշանակալի և ազդեցիկ դերակատարում՝ այս ուղերձիս հաջորդ մասն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինին:

Մեծարգո դեսպան, ես Հովհաննես Ավետիսյանն եմ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ ձեր կառավարության ֆինանսավորմամբ 2012 թվականին մեկնել է ԱՄՆ կրթություն ստանալու Ջորջիայի պետական համալսարանում, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ԱՄՆ երեք բուհական հաստատություններում ստացել է բարձրագույն կրթություն` դիվանագիտության, հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտություններով, և այն քաղաքացին, որը գիտակցաբար ընտրել և անցնում է իրական պետական գործիչ դառնալու և լինելու քարքարոտ և պատասխանատու ճանապարհը, որի գլխավոր երազանքն այս իմաստով ապահով, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան ունենալն է: Ես այս ճանապարհին կանգնած այն քաղաքացին եմ, որին ապօրինի ձերբակալում է այն ոստիկանությունը, որը ներկայում ստանում է ԱՄՆ կառավարության տեխնիկական, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցությունը:

Ձեր ջանքերն իրապես գնահատելի են Հայաստանում արդարադատության համակարգը բարեփոխելու, Հայաստանի ոստիկանական համակարգը զարգացնելու և վերափոխելու գործում: Ցավում եմ, որ ստիպված եմ Ձեզ ասել հետևյալը. ԱՄՆ կառավարության ջանքերը և աջակցությունն ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելու, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալու և ունենալու ոստիկանություն, որ առաջնորդվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքներով:

Սա են վկայում ոչ միայն նշանակալի տեմպով աճող հանցագործությունների թիվը, արդարադատության համակարգի, մեղմ ասած, անարդյունավետ գործունեությունը, այլ նաև այն և հատկապես այս հանգամանքը, որ ներկայի իշխանությունը Ձեր կառավարության աջակցությունն օգտագործում է Հայաստանում ռեպրեսիվ համակարգ ստեղծելու գործում, օրվա կառավարության ղեկավարը Ձեր աջակցությունն օգտագործում է խելացի և թիրախային քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում, օրվա իշխանությունը Ձեր աջակցությունն օգտագործում է ընտրանքային արդարադատություն կիրառելու, իսկ ավելի ճիշտ և ընդհանուր առմամբ՝ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն օգտագործում է ավտորիտար մեթոդներով կառավարվող համակարգ ստեղծելու գործում:

Վերջին շրջանում Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ոստիկանական և արդարադատության համակարգի կողմից իրականացվող գործողությունները, Հայաստանում տասնյակ քաղաքական շարժառիթներով ձերբակալություններն ու բանտարկյալներն ասվածիս վառ ապացույցն են:

Մեծարգո տիկին դեսպան, կարծում եմ՝ Դուք հասկանում եք, որ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն այս իշխանության կողմից վերոնշյալ եղանակներով և, մասնավորապես, քաղաքական ռեպրեսիաների գործում օգտագործելու շարունակականությունն ունենալու է ծանր հետևանքներ: Իսկ այս հետևանքներից ամենածանրը լինելու է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խաթարումը: Հետևաբար՝ հորդորում եմ կասկածի տակ առնել Ձեր կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը: Հորդորում եմ վերանայել Ձեր աջակցության շրջանակը, և հորդորում եմ թույլ չտալ, որ Ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում:

Ուղերձ Հայաստանի երիտասարդներին

Կարդում եմ մեջբերում 2018 թվականի ապրիլի 21-ին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից հրապարակված բաց նամակից, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ՝ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է»:

Սրանք իմ խոսքերն են: Ցավոք, այս խոսքերն առավել, քան արդիական են հենց հիմա, այս օրերին:  Հիմա, երբ Արցախն օկուպացվել է և հայաթափվել է Ադրբեջանի կողմից, երբ այս օկուպացիայի գլխավոր պատասխանատուները շարունակում են Հայաստանում որոշումներ կայացնել և դրա հետանքով Ադրբեջանին են հանձնում նորանոր տարածքներ, վերոնշյալ նամակում նշված վտանգներն արդեն իսկ ակտիվ փուլում են գտնվում: Այս վտանգներն այնքան սուր և կենսական են, որ առանց չափազանցության հայկական պետության գոյությունը կասկածի տակ է:  Ապրում ենք ամոթի և համատարած անպատասխանատվության մի շրջան, որը հաջորդիվ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ կդաջվի՝ որպես Մեծ ամոթի շրջան:

Սրանով հանդերձ, ինքս չեմ հուսալքվում և չեմ հանձնվում և, առավել ևս, չեմ համակերպվում: Չեմ համակերպվում, քանի որ ես գիտեմ, թե ինչ է համախմբման ուժը, ես գիտեմ, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, և ես նաև գիտեմ, որ համախմբման պարագայում մենք դառնալու ենք այնքան զորեղ, որ կարողանալու ենք կանգնեցնել մեր պետությունն ավերող այս իշխանությանը և կարողանալու ենք Հայաստանում ունենալ հայկական պետականության և հայ ժողովրդի շահերը սպասարկող իշխանություն:

Այս հարցում թերևս ամենակարևոր դերակատարումը երիտասարդներինն է: Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը, և նրանցն է այս գործում կարևոր դերակատարումը` դառնալու ոչ բռնի պայքարի մարտիկներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter