
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Սահմանազատման կանոնակարգի վավերացման նախագծին
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Հիմանական զեկուցողը ՀՀ փոխվարչապետ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանն էր։
Այս տարի ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները 8-րդ հանդիպման արդյունքներով ստորագրել էին արձանագրություն, որով նախատեսվում էր հաստատել համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կանոնակարգի համաձայենցման աշխատանքները ավարտվեցին օգոստոսի 30-ին։ Սեպտեմբերի 2-ին հրապարակվեց կանոնակարգի տեքստը, և սկսվեց դրա ներպետական վավերացման գործընթացը։
Նախ, սեպտեմբերի 5-ի նիստում Կառավարությունը հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին։ Ապա այն ուղարկվեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրությանը դրա համապատասխանությունը հասկանալու համար։ Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն կանոնակարգը ճանաչեց համապատասխան ՀՀ Սահմանադրությանը։ Վերջին ատյանը, որը պիտի վավերացնի Կանոնակարգը, Ազգային Ժողովն է։
Գրիգորյանը նախ ներկայացրեց հանձնաժողվների գործունեության պատմությունը և արձանագրված արդյունքները, որից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե ինչ քարտեզի հիման վրա է տեղի ունեցել սահմանազատումը Տավուշի մարզի 4 գյուղերի հատվածում, Գրիգորյանը պատասխանեց, որ տվյալ հատվածի սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր Շտաբի քարտեզով։ Գրիգորյանը նաև նշեց, որ կանոնակարգում կոնկրետ քարտեզ չի նշվել, քանի որ սահմանի տարբեր հատվածների համար կան առանձին քարտեզներ։ «Գլխավոր Շտաբի քարտեզների կազմումը տեղի է ունեցել 1974-1978 թվականների ընթացքում և բաղկացած է 20 կտորից։ Եվ այդ բոլոր քարտեզները գործածության մեջ են մտել 1979 թվականից»։
Անդրադառնալով ամբողջական սահմանի նկարագրության բացակայությանը կանոնադրությունում՝ Գրիգորյանն ասաց, որ խաղաղության պայմանագրում լինելու է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական նկարագիրը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց, թե որն է սահմանազատման հաջորդ հատվածը։ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել։
«Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք է լինի կոնսենսուսով։ Կողմերից որևէ մեկը չի գալու ու ասի՝ եկեք շարունակենք այս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի, այդ հատվածն ամենաբարդն էր։ Ի վերջո, երկար քննարկումներից հետո ձեռք բերվեց կոնսենսուս, որ ամենաբարդ հատվածում սկսենք գործընթացը»,- ասաց Գրիգորյանը։
Հարց հնչեց նաև այն մասին, որ սահմանազատված հատվածում եղել են մարդիկ, որոնք ունեցել են Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականներ, որով այդ մարդկանց պատականող անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածքում։ Մհեր Գրիգորյանը արձագանքեց, որ իր համար նույնպես անհասկանալի է, թե ինչ իրավական հիմքով են քաղաքացիներին տրամադրվել այդ վկայականները։
«Եթե Կադաստրն ունի քարտեզ, և դա հիմնավոր, լեգիտիմ քարտեզ է, ապա ինքներս դելիմիտացիայի ժամանակ կառաջնորդվեինք այդ քարտեզով։ Ես ավելին ասեմ, 1 կմ-անոց շերտում չի կարելի գրանցել իրավունք, նույնիսկ 5 կմ-անոց շերտում չի կարելի։ Այնուամենայնիվ, 2005 թվականից տեղի են ունեցել գրանցումներ, որոնց հիմքը ես ինքս չեմ կարողանում հասկանալ և դրան պիտի տրվի իրավական գնահանատական»,- ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը նաև հավելեց, որ վկայական տալը դեռևս վերջնական գնահատական չի իրավունքի լինել կամ չլինելու, դրա հետևում պիտի լինի այդ իրավունքը հիմնավորող փաստաթուղթ։
Իսկ հարցին, թե ինչ է լինելու, եթե Ադրբեջանը չվավերացնի Կանոնակարգը կամ վավերացնի Հայաստանի համար անընդունելի վերապահումներվ, Մհեր Գրիգորյանն ասաց. «Մենք ունենք նաև վերջին փուլը։ Կանոնակարգը, միջազգային իրավունքի համաձայն, ուժի մեջ կմտնի, երբ մենք փոխանակենք ծանուցումների բնօրինակները։ Եվ եթե կողմերից մեկը չվավերացնի կանոնակարգը կամ վավերացնի վերապահումներով, ապա փոխանակում տեղի չի ունենա»։
Հարցուպատասխանից հետո ելույթ ունեցավ այս հարցով հարակից զեկուցող Սարգիս Խանդանյանը և առաջարկեց կողմ քվեարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն Ազգային Ժողովի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
Քննարկման ավարտին ամփոփիչ ելույթ ունեցավ Մհեր Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով քննարկման համար։
«Ես շատ եմ կարևորում նման քննարկումները, սակայն վատ է, որ հնչեցին միայն քննադատություններ, ալտերնատիվ առաջարկներ չհնչեցին։ Մեր խնդիրները մենք պիտի լուծենք։ Եթե մենք չլուծենք, ոչ ոք չի լուծի, կամ կլուծի երրորդ երկիրը։ Իսկ դա ես համարում եմ դավաճանություն»,- ասաց Գրիգորյանը։
Նիստի վերջում 5 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
Հանձնաժողովը նաև առաջարկեց ԱԺ խորհրդին օրենքի նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ։
Մեկնաբանել