
Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային սպառնում է պատերազմով
Հյուսիսային Կորեան մեղադրել է Սեուլին «ռազմական լուրջ սադրանքի» մեջ այն բանից հետո, երբ, Փհենյանի պնդմամբ, Հյուսիսային Կորեայի տարածքում հայտնաբերվել է հարավկորեական խոցված անօդաչու թռչող սարք: Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնացել է, որ հաջորդ անգամ ռազմական միջոցներով Հյուսիսային Կորեայի տարածքի խախտումը կդիտարկվի որպես «պատերազմի հայտարարում» և կհանգեցնի «անհապաղ պատասխան հարվածի»։
Ինչպես հայտարարում են Հյուսիսային Կորեայի իշխանությունները, հարավկորեական խոցված ռազմական անօդաչուի բեկորները հայտնաբերվել էին հոկտեմբերի 13-ին՝ Փհենյանում:
Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալության պնդմամբ՝ հատուկ ստեղծված քննչական խումբը ենթադրում է, որ հենց այդ անօդաչու թռչող սարքն է թռուցիկներ նետել Փհենյանի կենտրոնի վրա, սակայն վերջնական եզրակացությունը դեռ չկա։
Փհենյանի տվյալներով՝ հոկտեմբերին Հարավային Կորեայից քարոզչական թռուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքերը երեք անգամ թռել են Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի ուղղությամբ։ արավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնը հայտարարել էր, որ «չի կարող հաստատել» այդ տեղեկությունը:
Վերջին շրջանում Կորեական թերակղզում լարվածությունը զգալիորեն աճել է։ Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան պայթեցրել էր Հարավային Կորեա տանող ճանապարհները, որոնք ժամանակին համարվում էին միջկորեական համագործակցության խորհրդանիշ: Սեուլի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան 2024 թվականի սկզբից սահմանի երկայնքով նոր հակատանկային պատնեշներ է կառուցում և ականներ տեղադրում։
Ավելի ուշ Փհենյանում հաստատել են, որ Հյուսիսային Կորեայի նոր սահմանադրության մեջ Հարավային Կորեան պաշտոնապես կնշվի որպես «թշնամական պետություն»: Այսպիսով, Հյուսիսային Կորեան պաշտոնապես հրաժարվել է Հարավային Կորեայի հետ միավորվելու գաղափարից։
Լուսանկարը՝ Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալության
Մեկնաբանել