
Պուտինը Ադրբեջանում չի մասնակցի COP29-ի գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի այցելի Բաքու՝ նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին մասնակցելու համար: Այդ մասին BBC-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը:
BBC-ի ադրբեջանական ծառայությանն իր աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը համաժողովին ներկայացված կլինի «վարչապետի մակարդակով»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահին հրավերն ուղարկվել է այլ երկրների ղեկավարների հետ միասին:
Աղբյուրը հավելել է, որ այս համաժողովը ՄԱԿ-ի միջոցառում է, իսկ հրավերների ուղարկման ժամանակ կազմակերպիչները (այս դեպքում՝ Ադրբեջանի կառավարությունը) տարբերություններ չի դնում։
Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցության հրավեր է ուղարկել նաև հայկական կողմին։ Ուկրաինան այս շաբաթ արևմտյան երկրներին կոչ էր արել բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովը, եթե Պուտինը մասնակցի այդ դրան: Ուկրաինան հայտարարել էր, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովին, ապա արևմտյան երկրները պետք է հրաժարվեն այդ իրադարձությանը մասնակցելուց:
Եվրամիությունում Ուկրաինայի դեսպան Վսեվոլոդ Չենցովն ամերիկյան Político պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ արևմտյան գործընկերները «պետք է հստակ հայտարարեն», որ եթե այնտեղ լինի Պուտինը, ապա նրանք չեն գա:
Հոկտեմբերի 15-ին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Բաքվի կլիմայական գագաթնաժողովին Պուտինի մասնակցության մասին որոշումը «դեռ չի ընդունվել»: «Ռուսաստանն, իհարկե, ներկայացված կլինի»,- հավելել էր նա։
COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը Ադրբեջանում կկայանա նոյեմբերի 11-22-ը։
Պուտինն այս տարի արդեն այցելել էր Ադրբեջան։ Օգոստոսին նրան հյուրընկալել էր նախագահ Իլհամ Ալիևը։ Անցած տարի նա չէր մասնակցել Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող COP28 համաժողովին:
Լուսանկարը՝ Vyacheslav Prokofyev via AFP/Getty Images
Մեկնաբանել