
ԿԳՄՍՆ-ն 1,9 մլն դոլար է վճարել հեծանիվ գնելու համար
Այս տարի` օգոստոսի 30-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հեծանիվներ կբաժանվեն։ Որոշման նպատակն այն էր, որ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցույթի շրջանակներում անցկացվի նաև դպրոցականների հեծանվավազք։
Հեծանիվների մատակարարումը և դպրոցներին բաշխումը որոշվեց անցկացնել մի քանի փուլով։ Առաջին փուլը սկսվեց սեպտեմբերի 6-ից, ընդհանուր առմամբ 1644 հեծանիվ տրամադրվեց բոլոր 10 մարզերի դպրոցներին։ Երկրորդ փուլը մեկնարկեց երեկ՝ հոկտեմբերի 16-ին, և Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներին բաժանվեց 780 հեծանիվ։
Հեծանիվների գնման համար նախարարությունը մրցույթ էր հայտարարել 2024 թվականի փետրվարի 23-ին։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 5 ընկերություն՝ «Էյչ գրուպ» ՍՊԸ-ն, «Ֆուդ Մուդ» ՍՊԸ-ն, «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ-ն, «Թռաք Սերվիս» ՍՊԸ-ն և «Բայք» ՍՊԸ-ն։
Ամենացածր գնառաջարկը ներկայացրել էր «Էյչ գրուպ» ՍՊԸ-ն։ Ընկերությունն առաջարկել էր մատակարարել 6500 հեծանիվ՝ 736 մլն 710 հազար դրամով։ Հեծանիվներից յուրաքանչյուրի հետ ընկերությունը պետք է մատակարարեր նաև մեկական սաղավարտ։
«Էյչ գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2012 թվականին։ Ընկերության միակ բաժնետերը Կարեն Հարությունյանն է։
«Էյչ գրուպը» պետական գնումներում հաղթելու հարուստ փորձ ունի։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել մի շարք նախարարությունների, համայնքապետարանների և հիմնադրամների հետ։
Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում առկա տվյալների՝ ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային և հեռահաղորդակցական սարքավորումների ու դրանց մասերի մեծածախ առևտրով։
Մեկնաբանել