
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը
Վրացական կողմը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում չի մասնակցի Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններին: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով»,- հայտարարել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում արտաքին գործերի նախարարների մակարդակով կկայանա «3+3» ձևաչափով հանդիպումը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ ակնկալում է Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների մասնակցությունը։
«Մենք շարունակում ենք Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով աշխատանքը և խորհրդակցությունները տարածաշրջանի երկրների հետ: Հուսով եմ, որ այս կարևոր հարթակի երրորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները»,- հայտարարել էր Ֆիդանը։
Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարներն արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը։
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր Մոսկվայում, իսկ երկրորդը՝ Թեհրանում։ Վերջին անգամ այս ձևաչափով հանդիպումը կայացել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին։
Այս ձևաչափի ստեղծման մտադրության մասին հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն իր առջև խնդիր է դրել Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակումն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Մինչ այս պահը Վրաստանը հրաժարվել է մասնակցել այս ձևաչափով բոլոր հանդիպումներին։ Պատճառը, ըստ վրացական կողմի, Ռուսաստանի մասնակցությունն է։
Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել