
Կալիֆոռնիայում տղամարդը կասկածվում է Թրամփի վրա հարձակման փորձի մեջ
Կալիֆոռնիա նահանգի Քոաչելա հովտում՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, ձերբակալվել է հրազենով զինված մի տղամարդ։ Այդ մասին հայտնել է Ռիվերսայդ շրջանի ոստիկանապետի գրասենյակը։
Ձերբակալվածը Լաս Վեգասի 49-ամյա բնակիչ Վեմ Միլերն է։ Նրան ձերբակալել են հանրահավաքի անցկացման վայրի մոտ գտնվող անցակետում, որին նա մոտեցել էր սև ամենագնացով։ Տղամարդու մոտ եղել է որսորդական հրացան, լիցքավորված ատրճանակ և մեծ տարողությամբ պահեստատուփ։
Շերիֆ Չեդ Բյանկոյի խոսքով՝ մեքենայի սրահը խառը վիճակում է եղել, մեքենան գրանցված չի եղել ու դրա վրա եղել է կեղծ համարանիշ։ Բացի այդ, Միլերը տարբեր անուններով վարորդական իրավունքը հաստատող մի քանի փաստաթուղթ է ունեցել: Ոստիկանապետի գրասենյակից հայտնել են, որ միջադեպը «չի ազդել Թրամփի կամ հանրահավաքի մասնակիցների անվտանգության վրա»: Ոստիկանապետ Բյանկոյի կարծիքով՝ Թրամփի նկատմամբ կազմակերպվում էր հերթական հարձակումը։
Այնուամենայնիվ, դաշնային երկու պաշտոնյաներ CNN-ին հայտնել են, որ այս պահին որևէ ապացույց չկա, որը վկայում է, որ Միլերը փորձելու էր սպանել Թրամփին: Ավելին, ոստիկանապետ Բյանկոն Հանրապետական կուսակցության անդամ է ու բազմիցս հայտարարել է նախկին նախագահ Թրամփին իր աջակցության մասին։
ԱՄՆ Գաղտնի ծառայության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Արդարադատության նախարարության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփը «ոչ մի վտանգի չի ենթարկվել»:
Միլերին կալանավորել են, սակայն ավելի ուշ ազատ արձակել 5000 դոլար գրավի դիմաց։ Նա դատարանի առաջ պետք է կանգնի հունվարի 2-ին։ Ինքը՝ Միլերը, հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ միշտ զենք է կրում, և որ ինքը «100%-ով Թրամփի աջակիցն է»։
Թրամփի նկատմամբ առաջին հարձակումը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին՝ Փենսիլվանիայում, երբ տանիքից կրակել էին Թրամփի ուղղությամբ՝ վիրավորելով ականջը։ Հարձակում գործած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը տեղում սպանվել էր, իսկ նրա գործողության մոտիվը դեռևս անհայտ է։ Երկրորդ պատահարն էլ տեղի էր ունեցել Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող Թրամփի գոլֆի ակումբի մոտ, երբ Գաղտնի ծառայության աշխատակիցները թփերում նկատել էին հրացանի փող ու կրակ արձակել այդ ուղղությամբ։ Թփերից մի տղամարդ էր վազել, փորձել թաքնվել, իսկ ավելի ուշ ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվածը 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է։ ՀԴԲ-ն հայտնել էր, որ կատարվածը հետաքննում է որպես մահափորձ։
Լուսանկարը՝ Alex Gallardo/AP
Մեկնաբանել