
Վրաստանի արտաքին պարտքն առաջին անգամ գերազանցել է 9 միլիարդ դոլարը
Վրաստանի արտաքին պետական պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է 9,03 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առաջին անգամ գերազանցելով 9 միլիարդ դոլարի նշագիծը: Այդ մասին են վկայում առկա տվյալները, որոնք հրապարակվել են Վրաստանի ֆինանսների նախարարության կայքէջում։
Վրացական ֆինանսական գերատեսչության տվյալներով՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ Վրաստանի պետական պարտքն աճել է 43,4 միլիոն դոլարով։ Մասնավորապես, 9,1 միլիոն ԱՄՆ դոլարով աճել է Եվրոպական ներդրումային բանկի նկատմամբ ունեցած պարտքը, 17 միլիոն դոլարով՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի նկատմամբ ունեցած պարտքը:
Այլ պետություններին Վրաստանի ունեցած պարտքի շարքում 1,6 միլիոն դոլարով աճել է Ֆրանսիայի նկատմամբ ունեցած պարտքը, որը շարունակում է մնալ վրացական պետական պարտքի խոշորագույն պարտատերը։ Այն հասել է ավելի քան 814,5 միլիոն դոլարի: Գերմանիայի նկատմամբ պարտքն աճել է 7,2 միլիոն դոլարով՝ հասնելով 617,6 միլիոնի, իսկ Ռուսաստանի նկատմամբ պարտքը մնացել է անփոփոխ՝ 7,8 միլիոն դոլար։
Մեկ տարվա ընթացքում Վրաստանի պետական պարտքն աճել է ավելի քան 580,7 միլիոն ԱՄՆ դոլարով, այդ թվում՝ 216,3 միլիոն դոլարով աճել է Ասիական զարգացման բանկի նկատմամբ պարտքը, իսկ 220,4 միլիոն դոլարով՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պարտքը:
Լուսանկարը՝ Investor.ge-ից
Մեկնաբանել