
Թրամփը կոչ է անում մահապատժի ենթարկել միգրանտներին՝ ԱՄՆ քաղաքացիներին սպանելու պարագայում
ԱՄՆ քաղաքացիներին սպանելու համար ներգաղթյալները պետք է մահապատժի դատապարտվեն։ Նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը՝ Նևադա նահանգի Ռինո քաղաքում իր ելույթի ժամանակ։
«Ես կոչ եմ անում մահապատժի դատապարտել ցանկացած միգրանտի, որը կսպանի ԱՄՆ քաղաքացու կամ իրավապահ մարմինների աշխատակցի»,- հայտարարել է Թրամփը։
Նույն օրը ԱՄՆ նախկին նախագահը համանման առաջարկ է արել նաև Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում իր հանրահավաքի ժամանակ: Նա հայտարարել է, որ «կփրկի» քաղաքը, որը, ըստ Թրամփի, «գրավվել է» անօրինական միգրանտների կողմից։
Դեռ այս տարվա օգոստոսին Թրամփը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթելու պարագայում կվերացնի ԱՄՆ արդարադատության նախարարության մահապատժի մորատորիումը, կամ, այլ կերպ ասած, դաշնային մակարդակով կվերականգնի մահապատժի ենթարկելու իրավունքը։
Թրամփը հայտնի է միգրանտների նկատմամբ իր կոշտ հռետորաբանությամբ։ Նա ներգաղթյալներին՝ ամերիկացիների կյանքի և անվտանգության համար սպառնալիք է համարում: Այսպես, սեպտեմբերին Քամալա Հարիսի հետ բանավեճի ժամանակ Թրամփը Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի միգրանտներին մեղադրեց «այնտեղ ապրող ընտանի կենդանիներին ուտելու մեջ»։
Այնուհետ նա հայտարարել էր, որ այդ քաղաքից զանգվածաբար արտաքսում են հայիթցիներին, որոնք դրանով զբաղվել են։
Հոկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ ժամանած միգրանտների մեջ շատերը հանցագործներ են, նրանք իրենց հետ «վատ գեներ» են բերել, և այժմ դա նրանց արյան մեջ է:
Լուսանկարը՝ Brian Snyder/Reuters
Մեկնաբանել